Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում եմ ՀՀ բոլոր իրավապահ մարմիններին՝ դրսևորել պետականամետ վարքագիծ, ղեկավարվել բացառապես օրենսդրությամբ. Արսեն Բաբայան

Սեպտեմբեր 12,2023 23:50

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տևական ժամանակ է լրագրողներ Անի Գևորգյանի ու Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ տարածվում է ծայրահեղ ատելություն, վերջիններիս հասցեին հրապարակային ծանր վիրավորանքներ են հնչեցվում (գրառվում), թիրախավորվել են անգամ նրանց ընտանիքի անդամները։ Հետազոտությունները վկայում են, որ  այդպիսի անթույլատրելի և հակաիրավական արարքները կատարվում են իշխանական կոնկրետ խմբերի կողմից՝ իշխանության վերնախավում գտնվող որոշ անձանց կոնկրետ հանձնարարություններով։ Հատկանշական է, որ այդ անընդունելի արարքները մասնավորապես սկսվեցին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի վերջին մամուլի ասուլիսից հետո, որի ընթացքում լրագրողներ Անի Գևորգյանը և Հռիփսիմե Ջեբեջյանը իշխանության ներկայացուցիչների համար ոչ հաճելի հարցադրումներ հնչեցրեցին։ Անհրաժեշտ է ընդգծել, որ այդ ասուլիսի ընթացքում նշված լրագրողները չէին խախտել մասնագիտական և էթիկական կանոնները։

Սոցիալական ցանցերում տևական ժամանակ է, ինչ որոշ օգտատերեր, որոնք պարբերաբար նկատվում են իշխանության ամենահայտնի ներկայացուցիչների հետ անցկացվող միջոցառումներում, լրագրողներ Անի Գևորգյանի և Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին հնչեցնում են ծայրահեղ վիրավորական և անպարկեշտ (հաճախ՝ հայհոյանքներ պարունակող) արտահայտություններ։ Այդ գործողություններն ուղեկցվում են լրագրողների լուսանկարների հրապարակմամբ և այլ օգտատերերի կողմից մեկնաբանություններում վերջիններիս հասցեին հայհոյելու ուղղակի կոչերով։

Այս ընթացքում արձանագրվել են նաև դեպքեր, երբ նույն լրագրողների նկատմամբ իշխանության հետ ասոցացվող մարդիկ հրապարակային և անձնական նամակների միջոցով լրագրողներին ուղիղ սպառնացել են ֆիզիկական վնասվածքներ հասցնելով։ Լրագրողները դիմել են իրավապահպան մարմիններին, սակայն մինչ օրս անհրաժեշտ քրեական վարույթներ չեն նախաձեռնվել, մինչդեռ՝ այդ վարույթների նախաձեռնումը, կատարված հանցավոր արարքների մեղավորներին հայտնաբերելն ու պատասխանատվության ենթարկելը իրավապահների պարտականությունն է։

Առանձնահատուկ ընդգծման է արժանի այն հանգամանքը, որ լրագրողները իրավապահներին, այդ թվում՝ քննչական մարմին են դիմել դեռևս օգոստոսի 24–ին, սակայն մինչև սեպտեմբերի 12–ն այդպես էլ քրեական վարույթ չի նախաձեռնվել, մինչդեռ՝ քրեադատավարական օրենսդրության համաձայն 24 ժամվա ընթացքում քննիչը պարտավոր էր նախաձեռնել քրեական վարույթ։ Սրան զուգահեռ իրականության մեջ անմիջապես քրեական վարույթներ են նախաձեռնվում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կատարված սպառնալիքների հաղորդումներով, ավելին՝ որոշ դեպքերում այդպիսի վարույթները նախաձեռնվում են հայհոյանքների դեպքում դրանք որակելով իբրև սպառնալիքներ։

Իրավապահ մարմինների այսպիսի վարքագիծը, որն օբյեկտիվ կասկածներ է հարուցում իշխանական ամենաբարձր հովանավորչության մասին՝ սպառնում է ամենաթողության և անպատժելիության ծանր հետևանքների առաջացմամբ, ինչպես նաև տուժողների կողմից հարցերն ինքնադատաստանի միջոցով լուծելու ճարահատյալ քայլերով։

Ուստի, որպես իրավապաշտպան կոչով դիմում եմ ՀՀ բոլոր իրավապահ մարմիններին՝ դրսևորել պետականամետ վարքագիծ, ղեկավարվել բացառապես օրենսդրությամբ և անվերապահորեն կատարել Սահմանադրությամբ և օրենսդրությամբ ձեր վրա դրված պարտականությունները։

Միաժամանակ հրավիրում եմ միջազգային լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը՝ քննության առնելու և գնահատելու ստեղծված իրավիճակը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930