Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ հոդվածներով քրեական վարույթներ պետք է նախաձեռնված լինեին. իրավապաշտպանը՝ լրագրողին «քացու տակ գցելու» սպառնալիքների մասին

Սեպտեմբեր 12,2023 23:25

«Բոլոր իշխանություններն իրենց կից ունենում են էդ տեսակին, որոնք իրենց այնքան պաշտպանված են զգում, այնքան երաշխավորված է իրենց անվտանգությունը, որ թույլ են տալիս իրենց անթույլատրելի, օրենքը սահմանազանցող վարքագիծ՝ սկսած վիրավորանքից, վերջացրած սպառնալիքներով, իսկ առանձին դեպքերում սպառնալիքների իրականացումով: Առաջին տասնամյակը չէ, որ այս վիճակն ունենք: Ես համոզված եմ, որ հենց իշխանությունները փոխվեն, էս նույն տիկինը կփորձի տեղավորվել հաջորդ իշխանությունների շվաքի ներքո, որովհետեւ այդպես հարմար է, այդպես ընդունված է » , -Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով երեկ ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավի ընթացքում ՔՊ-ական համակիրներից մեկի սպառնալիքներին լրագրող Անի Գեւորգյանի հասցեին:

Հիշեցնենք, որ ՔՊ-ական համակիրը սպառնում էր լրագրողին քացու տակ գցել, վիրավորական արտահայտություններ ուղղում նրա հասցեին:  Ի դեպ, սպառնացողը կին էր ու այն կինն էր, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո սպառնացել էր ոչ միայն Անի Գեւորգյանին, այլեւ Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին:

Իրավապաշտպանի խոսքով, ՔՊ-ական համակրի պահվածքը վատագույն ավանդույթների շարունակությունն է, որը  այս իշխանությունները նախորդներից են վերցրել. «Սա եղել է, կա ու դեռ լինելու է, քանի դեռ հասարակությունը որոշակի պահանջներ չի ներկայացնում գործող իշխանություններին: ՔՊ-ն պետք է խիստ քննադատեր տեղի ունեցածը, հրապարակային կոչեր հնչեցնեին՝ դադարեցնել սպառնալիքները, ատելության խոսքը, նման ծանր վիճակում, որում գտնվում է երկիրը, ավելի համերաշխ լինել այլ տեսակետներ  ունեցող մարդկանց նկատմամբ, լրագրողների նկատմամբ լինել հարգալից, որովհետեւ նրանք իրենց  աշխատանքն են անում: Բազմաթիվ գործողություններ կան, որ ՔՊ-ն պետք է աներ:

Մյուս կողմից շատ ակնհայտ է, որ տիկինը հնչեցնում է սպառնալիքներ, որոնք շատ իրատեսական են, չի ասել ատոմային ռումբով Անիին ու Հռիփսիմեին կոչնչացնի, ասում է՝ ոտքերդ կջարդեմ, շատ իրատեսական սպառնալիք, մյուս կողմից լրագրողի աշխատանքի խոչընդոտում է եղել: Կողմնակիցներից մյուսը, որ թվում է, որ հաշտեցնելու փորձ էր անում, բայց իրականում ճանապարհն  էր փակում, հնարավորություն չէր տալիս աշխատանք իրականացնել: Այս դեպքի առթիվ բազմաթիվ հոդվածներով քրեական վարույթներ պետք է նախաձեռնվեին: Եթե իշխանական լրատվամիջոցների լրագրողների նկատմամբ ընդդիմադիր կոչված թիմից որեւէ մեկն այսպիսի վարքագիծ դրսեւորեր, համոզված եղեք, որ տասը քրեական վարույթ էին հիմա նախաձեռնել: Այն բոլոր վատթարագույն ավանդույթները, որոնք եղել են նախկինում, հիմա շատ գեղեցիկ տեղավորվում են գործող իշխանությունների գործելաոճում: Ոչ միայն այս, այլ բազմաթիվ հարցերում այս իշխանությունները հավասարվել են նախկիններին»:

Նինա Կարապետյանցի խոսքով, այս միջադեպի վերաբերյալ հրապարակված  տեսագրությունները հանցագործության մասին հաղորդում են. «Արդեն իսկ քրեական վարույթներ պետք է նախաձեռնված լինեին: Չեմ զարմանում, որ այդպիսի կանայք կան ՔՊ-ի կողքին: Եթե ԱԺ նախագահը կարող է թքել քաղաքացու դեմքին ու մնալ անպատիժ, եթե պատգամավորը կարող է մարդ ծեծել ու մնալ անպատիժ, ինչն է հուշում, որ այս տիկնոջ նկատմամբ որեւէ իրավական գործողություն պետք է լիներ »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930