«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ հայ-ամերիկյան զորավարժություններին, Աննա Հակոբյանի՝ Կիեւ մեկնելուն։ Օգտատերերից մեկը Վարդանյանից հետաքրքրվել է՝ հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելն այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ի հետ համատեղ զորավարժությունները հայկական կողմը մերժել է ինչպես կընդունի Մոսկվան եւ ինչպես դա կարող է ազդել Արցախի վրա, ինչպես կընդունի Մոսկվան Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Կիեւ մեկնելը։
Ի պատասխան Ռուբեն Վարդանյանն ասաց՝ անվերջ կարող ենք քննարկել իշխող ուժի տարբեր քայլերը եւ փորձել գտնել, թե ով է մեղավոր եւ այլն։
«Կարեւորն այն է, որ ինչ, որ արվում է, ռազմավարություն կա՞, հետեւողական մոտեցում կա՞, եւ ով անում է այդ ամենը, անում է հասկանալո՞վ, թե՞ ուղղակի անում է, որովհետեւ ուզում է այստեղ լավ երեւալ, այնտեղ լավ երեւալ»։
Օգտատերերից մեկն էլ հարցրեց՝ դուք աշխարհում եւ Ադրբեջանում ընկերներ ունեք, փորձե՞լ եք ձեր կապերն օգտագործել հանուն Արցախի։ Վարդանյանն ի պատասխան այս հարցի, ասաց, որ Ադրբեջանում ընկերներ չունի եւ չի ունեցել․«Ես ունեմ ընկերներ, որոնք ունեն ընկերներ Ադրբեջանում կամ իրար հետ ինչ-որ գործողություններ են արել։ Ես իշխանության կողմից խնդրանք չեմ ստացել ինչ-որ բան անել, եւ չեմ փորձել ինչ-որ ձեւով կապեր հաստատել կամ շփում ունենալ ադրբեջանցիների հետ այն իրավիճակում, երբ ունենք այսպիսի սուր մարտահրավեր»։
Կարդացեք նաև
Հարցին՝ արդյոք նորից կհամաձայնի ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը՝ եթե առաջարկ լինի, Վարդանյանը պատասխանեց․ «Ես միշտ ասել եմ՝ ես եկել եմ այստեղ որպես հասարակ զինվոր եւ ես չէի մտածում պետական գործիչի մասին։ Այս իրավիճակում պաշտոնի մասին չէ խոսքը, պատասխանատվության մասին է խոսքը։ Երբ իշխանությունները ռազմավարական բաներ որոշեն, եւ որոշեն որ իմ աջակցությունը կարեւոր է այդ ռազմավարական գործերում, ես ասել եմ՝ առանց քննարկումների կանեմ գործը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ