Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Իջեւանում բացվեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը: Սա նախատեսված վեց կենտրոններից հինգերորդն է։
Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Նոյեմբերյան եւ Բերդ համայնքների ղեկավարները, Ուժային կառույցների ղեկավարներ, այլ պաշտոնատար անձինք:
Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն իր խոսքում ցանկություն հայտնեց, որ այս կենտրոնի բացումը խաղաղություն կբերի Տավուշին եւ տարածաշրջանին: Նա նաեւ նշեց, որ Իջեւանում գտնվող կենտրոնը շատ կարեւոր է ռազմական տեսանկյունից, դա թույլ կտա, որ իրավիճակին մոտիկից ծանոթանան եւ զեկուցեն:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը կարևորեց կենտրոնի բացումը, շնորհակալություն հայտնեց ԵՄ դիտորդական առաքելությանը։ Մարզպետը հույս հայտնեց, որ դիտորդական առաքելության ներկայությունը խաղաղություն եւ կայունություն կբերի:
Կարդացեք նաև
Նշենք, որ այս պահին նման կենտրոններ առկա են Մարտունիում, Ջերմուկում և Գորիսում։ Նախատեսվում է նման կենտրոն բացել նաեւ Եղեգնաձորում։
Տավուշի մարզի մարզպետարան