Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ հասած ռուսական բեռնատարը ոչ այնքան օգնությունն էր, որքան մեսիջ»․ քաղաքագետ

Սեպտեմբեր 12,2023 22:55

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ակնա-Ասկերան ճանապարհով ռուսական հումանիտար բեռն Արցախ հասցնելուն, կարծիք հայտնեց, որ եթե Ադրբեջանն արգելեր տեղափոխումը, դրանով ողջ աշխարհի առջև նսեմացրած կլիներ Ռուսաստանի Դաշնությանը։

Երեկ արգելանքի մասին լուրեր էին տպագրում հենց ադրբեջանական իշխանական մամուլի ներկայացուցիչները։

«Ադրբեջանի կողմից արգելանքը դա արդեն զուտ հակառուսական դեմարշ էր, և եթե այդ ծրագիրն Ադրբեջանին հաջողվեր իրականացնել, դա կլիներ Ռուսաստանին նվաստացնելու և նսեմացնելու ադրբեջանական ծրագիրը։ Սա կլիներ զուտ Ռուսաստանի միջազգային վարկանիշին ևս մեկ հարված հասցնել։

Ես ինքս հակված եմ մտածելու, որ այդ ամենին մասնակցում են նաև Հայաստանի իշխանությունները։ Իհարկե, այս ամենի գլխին կանգնած է Թուրքիան։

Սակայն առավոտ շուտ բոլոր լրատվամիջոցները շտապ հաղորդագրություն տարածեցին, որ ռուսական  համարներով բեռնատարը՝ հումանիտար օգնությամբ, արդեն հատել է Ակնա-Ասկերան ճանապարհը և հասնում է Ստեփանակերտ։

Սա  Ռուսաստանի հաղթանակն էր, այդ մեքենան որոշ ժամանակ կանգնած էր  Ադրբեջանի Բարդա քաղաքում, և ադրբեջանցիներն իրոք թույլ  չէին տալիս շարժվել։

Փորձ է կատարվում հատկապես իշխանական թևի  ներկայացուցիչների կողմից հավասարություն դնելու ադրբեջանական և ռուսական բեռնատարերի միջև, սա բացահայտ մանիպուլյացիա է, կեղծիք, որովհետև չի կարելի ռուսական պետհամարանիշերով, ռուսական Կարմիր Խաչին պատկանող, ռուսական հումանիտար օգնությամբ բեռնված մեքենան համեմատել ալյուրով բեռնված ադրբեջանական պետհամարանիշով մեքենաների հետ։

Ինքս էլ  համարում եմ, որ Ակնա-Ասկերան ճանապարհի գործարկումը մեծ վտանգներ է պարունակում, բայց ամեն դեպքում բեռը, որ մտնում է Արցախ,ադրբեջանական չէ, ի տարբերություն այն տարբերակի, որը մեզ պարտադրվում էր Ադրբեջանի կողմից և ընդունելի էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից, ինչպես նաև Արցախում գործող նիկոլական թևի՝ Սամվել Բաբայանի կողմից, որոնք ամեն ջանք գործադրում էին, որպեսզի ադրբեջանական այսպես կոչված հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաները մտնեին Արցախ։

Հավելենք, որ Ռուսաստանը, պարտադրելով Ադրբեջանին իր բեռնատարի առաջ բացել Ակնայից դեպի Ասկերան ճանապարհը, շատ պարզ հասկացրեց, որ չնչին քանակությամբ մարդասիրական օգնությունով բեռնված այդ մեկ բեռնատարը իրականում ոչ թե օգնության տրամադրում էր Արցախին, այլ ուժի ցուցադրում էր, թե ով է հարցեր լուծում Արցախում։

ՌԴ-ն սա ցուցադրեց այն երկրներին, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ փորձում էին Ռուսաստանը ներկայացնել որպես թույլ, սեփական խոստումները չկատարող, «դավաճան գործընկեր»։

Ռուսաստանը ցույց տվեց, որ մինչ Հայաստանի իշխանությունների, Ֆրանսիայի և այլոց կողմից ուղարկված բեռներն այդպես էլ կանգնած մնացին Կոռնիձորում, իր ուղարկած այդ մեկ մեքենան, հաղթահարելով Բաքվի բոլոր խոչընդոտներն, ամեն դեպքում հասավ Ստեփանակերտ։ Սա ավելի շատ մեսիջային դիվանագիտություն էր, որն ուղղված էր Ռուսաստանի հակառակորդներին և թշնամիներին։

Չի բացառվում, որ շատ կարճ ժամանակահատվածում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի  հայտարարությունների համաձայն, Բաքուն, ըստ իր խոստման, պարտավորված լինի բացել նաև Բերձորի միջանցքը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930