Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ այսօր կայացավ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, Աննա Բադալյանի, Ժակ Պիեռ Ֆովոյի, Բենիամին Ղալեչյանի, Մարինե Ներսեսյանի, երրորդ անձեր «Արարատբանկ» ԲԲԸ-ի, Կարինե Մարգարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով նախնական դատական նիստը։
Նիստի ավարտին Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանն Aravot.am-ին ասաց․ «Գործն ընդհանուր վերաբերվում է պարոն Սեյրան Օհանյանի գույքի ծագմանը։ Ըստ հայցվորի, դա ապօրինի բնույթ է կրում, ըստ մեզ՝ ոչ։ Ավելին, պարոն Օհանյանին վերագրվում են գույքեր, որոնք ընդհանրապես իրենը չեն, իրեն չեն պատկանում։ Եվ այդ գույքերը վերագրելով պարոն Օհանյանին՝ ասում են, որ այդքան գումար նա չէր կարող աշխատել, որպեսզի այդ գույքերը ձեռք բերեր։ Մենք էլ ասում ենք, որ այդ գույքերը ընդհանրապես Սեյրան Օհանյանինը չեն, որ մի հատ էլ փորձենք ապացուցել՝ պարոն Օհանյանը այդքան գումար կարո՞ղ էր աշխատել, թե ոչ։ Խոսքն այս մասին է։
Այսօր Սեյրան Օհանյանի հետ կապված քննարկում չեղավ, բայց ամբողջ գործով պատասխանատու է Սեյրան Օհանյանը»։
Կարդացեք նաև
Դատավոր Կարապետ Բադալյանը նիստը հետաձգեց։ Նա հեռացավ ապացուցման բեռ բաշխելու մասին որոշում կայացնելու, ինչի մասին կողմերին կտեղեկացնի սահմանված կարգով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ