«Ես մեղքի զգացում չունեմ»,-այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին՝ ինչո՞ւ ձեր ընտանիքը՝ կինը եւ երեխաները ձեզ հետ Արցախում չեն, այ, եթե ձեր որդիները դիրքերում լինեին, դուք այսպես չէիք խոսի։
Շարունակելով հարցին պատասխանել` Ռուբեն Վարդանյանն ասաց․«Դժվար է այստեղ ապրել առանց իմ ընտանիքի։ Իրենք պետք է գային դեկտեմբերի 15-ին։ Մինչ այդ նոյեմբերին այստեղ էին, գնացել էին, պետք է վերադառնային։ Այդպես է ստացվել, որ իրենք այստեղ չեն։ Մեծ տղաս ծառայել է կամավոր Արցախում 2015-2016 թվականներին, 2020 թվականին ինձ հետ այստեղ էր՝ Արցախում։ Ես ոչ մի մեղքի զգացողություն չունեմ։ Հակառակը՝ ես արցախցիների հետ եմ այսօր, ես վստահ եմ, որ արցախցիների մեծամասնությունը հասկանում է իրավիճակը։ Ծանր է, որ ընտանիքս ինձ հետ չի։ Վստահ եմ, որ իմ դիրքորոշումը ոչ մի ձեւ չէր փոխվելու, ես նույն որոշումն էի կայացնելու, նույն ձեւի կվերցնեի պատասխանատվությունը այն հարցերի, որոնք պատրաստ էի վերցնել, ես նույն ձեւի արցախցիների կողքին կկանգնեի»։
Օգտատերերից մեկն էլ, դիմելով Վարդանյանին, գրել է․«Դուք միլիարդատեր եք, իսկ մենք հասարակ մարդիկ, ովքեր զրկվել են ընտանիք պահելու հնարավորությունից, ձեր խոհարարը ձեզ համար համեղ ճաշեր է պատրաստում, իսկ ձեր վարորդը ձեր էլեկտրամոբիլով ձեզ տանում է ուր ցանկանաք։ Դուք մեզ չեք հասկանա, դուք մի օր կվերադառնաք Մոսկվա կամ Լոնդոն, իսկ մենք այստեղ ենք մնալու մեր հոգսերի եւ թշնամու հետ։ Ձեզ համար այս ամենը հետաքրքիր արկած է, իսկ մեզ համար՝ կյանք»։
Ի պատասխան` Վարդանյանն ասաց, որ ցավալի է նման բան լսել․«Ես եկել եմ իմ հայրենիքը պաշտպանելու, հայտարարել եմ, որ դա ինձ համար սկզբունքային հարց է։ Ես չեմ օգտագործել էլեկտրամոբիլ, իմ էլեկտրամոբիլն աշխատում է հղի կանանց հիվանդանոց տանելու համար։ Այո, ես ավելի լավ պայմաններ ունեմ, որովհետեւ իմ ընկերները, մոտիկ մարդիկ փորձում են ինձ ապահովել ինչ-որ կենցաղային հարցերով։ Բայց ես ապրում եմ այնպես, ինչպես արցախցիները։ Կարող է ես այդքան հաճախ չեմ եղել հերթերում։ Գյուղում ապրելու ժամանակ հարեւանս ինձ շատ լավ էր նայում, ես շնորհակալ եմ իր ընտանիքին, դա ուղղակի հարեւանի օգնություն է»։
Կարդացեք նաև
Մեկ այլ օգտատեր էլ հետաքրքրվել է՝ ձեր գլխի համար ադրբեջանցիները հաստատ պատրաստ են մեծ փողեր տալ, դա հաշվի առնելով՝ ինչպե՞ս եք պատկերացնում ձեր ապագան, չե՞ք վախենում, որ Վագիֆի պես դուք էլ հայտնվեք ադրբեջանական բանտում՝ շինծու մեղադրանքով։
«Դու պետք է պատրաստ լինես քո հայրենիքի համար զոհես քո կյանքը։ Իհարկե, ավելի իմաստուն կլինի ոչ թե զոհել կյանքը, այլ ապրել հայրենի հողի վրա՝ քո օրենքներով։ Դրա համար ամեն ինչ պիտի անենք, որ արժանապատիվ ապրենք Արցախում, բոլոր հայերը ովքեր պատրաստ են պայքարել եւ չեն վախենում զոհել իրենց կյանքը։ Դա կյանք է, եթե դա այն գինն է, որ պետք է վճարել, որ Արցախը մնա հայկական, պետք է դրան պատրաստ լինել»,-պատասխանեց Վարդանյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ