Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղղակի պետք է պատկերացնել, թե ինչպիսին էր ՀՀ-ն Նիկոլի թվից առաջ և Նիկոլի թվից հետո»․ Գեղամ Մանուկյան

Սեպտեմբեր 12,2023 20:20

«Շուրջ մեկ քսանամյակ տարածաշրջանում արցախյան բանակցություններում Թուրքիան զրկված էր որևէ միջամտությունից, բանակցությունների ընթացքի վրա ազդելու որևէ հնարավորությունից։ Ցանկացած փորձ ՀՀ-ն ձախողում էր։ Ցավոք, այս իշխանության ապաշնորհ դիվանագիտության արդյունքում երկիրը դարձրել են անկարող ու Անկարային թույլ են տվել ոչ միայն միջամտել բոլոր հարցերում, այլև թելադրել, ՀՀ-ին պարտադրել խաղի կանոններ»,- ՀՀ ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած դիրքորոշումների մասին՝ պատգամավորն ասաց․ «Փաշինյանը փորձում էր լղոզել Էրդողանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը։ Ընդհանրական ձևակերպումների տակ հստակ ուղերձ կար՝ Թուրքիան որոշիչ դեր է խաղում, թե ինչպիսին կլինեն ՀՀ-ի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները։ ԱՀ նախագահի ընտրություններին ադրբեջանաթուրքական ջղաձիգ արձագանք-սպառնալիքներից հետո Փաշինյանի շտապողականությունը Անկարայի հետ խոսելու, Արցախի նախագահին չշնորհավորելու և խուսանավելու փաստերը վկայում են՝ գործ ունենք ադրբեջանաթուրքական սպառնալիքի ու ճնշումների հետ։ Փաշինյանը շարունակեց իր քաղաքական գիծը՝ բացառապես ադրբեջանական փաստարկներով, որևէ կերպ չօգտվելով եռեսունամյա հայկական դիվանագիտության բազմաթիվ հիմնավոր փաստարկներից, հայտարարելով նորից ու նորից, որ Արցախն Ադրբեջանի կազմում է և վերջ»։

Գեղամ Մանուկյանը մի քանի փաստ ներկայացրեց՝ համեմատելու համար, թե ինչպիսին էր Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ղեկավարումից առաջ և հետո․ «Այսօր գործընկերներիս հետ մասնակցում էի գերմանացի պատգամավորների հետ հանդիպմանը, ԱԺ աշխատակազմը մի հսկայական տեղեկանք էր տվել։ Մի քանի փաստ դրանից․ 2023-ի հուլիսի 17-ին ՀՀ խորհրդարանի փոխնախագահին գերմանացի պատվիրակը նշում է, որ Թուրքիան վճռորոշ դեր է խաղում և պետք է թուրքերի հետ բանակցել, 2023-ի հուլիսի 13-ին էլի ԱԺ-ում գերմանացի նախարարն ասում է, որ հասկանում, պատկերացնում է, թե ինչքան դժվար է եղել Հայաստանի համար ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։

Հիմա գանք Նիկոլի թվից առաջ, երբ ասում էին, որ Արցախը կարգավիճակ չի ունեցել։ 2014-ի օգոստոսի 3-4-ին ՀՀ են գալիս գերմանացի պատգամավորներ, մեկնում են Ստեփանակերտ, հանդիպում Արցախի ղեկավարության հետ, 2011-ի սեպտեմբեր 11-14 մեկ այլ պատվիրակություն է գալիս, մեկնում Արցախ, 2013-ի հոկտեմբերի 10-ին Գերմանիայի խորհրդարանի պատվիրակությունն է գալիս, մեկնում Արցախ ու այսպես շարունակ։ Ուղղակի պետք է պատկերացնել, թե ինչպիսին էր ՀՀ-ն Նիկոլի թվից առաջ և Նիկոլի թվից հետո»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930