Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ և Համազգայինի կենտրոնական վարչության հովանավորությամբ Երևանում լույս է ընծայվել արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի «Արցախ: Անավարտ պատերազմ» եռալեզու գիրք-ալբոմը:
Սեպտեմբերի 12-ին ժողովրդական արվեստների թանգարանի սրահում կայացավ գիրք-ալբոմի շնորհանդեսը:
Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը, գտնվելով Արցախում՝ 120 000 մեր հայրենակիցների հետ շրջափակման մեջ, ներկա չէր միջոցառմանը, նրա փոխարեն նրա կատարած կարևոր գործի մասին պատմեցին հեղինակած լուսանկարները և նրա մասին պատմող տեսանյութը:
Կարդացեք նաև
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը՝ պատմելով, թե ինչպես ծագեց գիրք-ալբոմի ստեղծման գաղափարը և թե ինչ առաքելություն պիտի ունենա այն՝ մերօրյա իրականությունն աշխարհին ներկայացնելու գործում։ Նա նշեց, որ գիրք-ալբոմն արդեն հասել է ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Քուվեյթ, Լիբանան,Կիպրոս և այլ երկրներ, շարունակվելու է տարածվել Համազգայինի աշխարհասփյուռ գրասենյակների միջոցով: «Այս պատկերագրքի մեջ շատ է ցավը, բայց չկա լալկանություն, գրքի համար գրված իմ ներածական խոսքում ասել եմ և ուզում եմ նորից շեշտել՝ այս գիրքը ապրելու մասին է, որովհետև մահվան հականիշն ապրելն է, որովհետև նրանք, ովքեր նպատակադրված են սեփական հողի վրա ազատ ապրելու, արժանապատիվ են ապրելու, թեկուզև գերության մեջ: Գերությունը հավերժ չէ, եթե կա ազատության ձգտում»,- նշեց Հերմինե Ավագյանը՝ ավելացնելով, որ պատկերագիրքը բաղկացած է երեք մասերից՝ «Անավարտ պատերազմ», «Վերադարձ» և «Կյանքի ճանապարհ»: Պատկերագիրքը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։
Օրհնության խոսք ասաց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ կարևորելով պատկերագրքի ծնունդը որպես վավերագրություն, որպես կարևոր ասելիք աշխարհին, օտարներին:
Համազգայինի կենտրոնական վարչության կողմից խոսք առավ ատենապետ Զաքար Քեշիշյանը՝ համոզմունք հայտնելով, որ գիրք-ալբոմը պիտի սթափության ազդակ դառնա նախ մեզ՝ հայերիս, ապա աշխարհի համար:
Խոսք առան նաև Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, գիրք-ալբոմի ձևավորող, լուսանկարիչ Զարեհ Շիրվանյանը, Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարբաղցյանը, լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանը, երգչուհի Շուշան Պետրոսյանը, լուսանկարիչ Իննա Մխիթարյանը:
«Դիզակ արտ» կենտրոնի ուսուցչուհի Անուշ Ստեփանյանի կատարմամբ հնչեց Արցախի հորովելը և արցախյան օրորոցայինը՝ երգի թևով ներկաներին տանելով Արցախ:
Կարոտ, հույզեր, անկեղծ մտորումներ ու սրտի խոսքեր. շնորհանդեսն անցավ անմիջական ու ջերմ մթնոլորտում:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Դավիթի վերջին լուսանկարներից, որոնք պատմում են Արցախի շրջափակման մասին: Հ. Ավագյանն այդ լուսանկարները բնորոշեց ու վերնագրեց որպես «Իրականություն», «Պայքար» և «Երազանք»: Արցախցի փոքրիկ տղայի ժպտացող աչքերով լուսանկարը խորհրդանշում է մի ամբողջ ժողովրդի ապրելու երազանքը, հավատը, պատիվն ու արժանապատվությունը:
«Արցախ: Անավարտ պատերազմ» գիրք-ալբոմի շնորհանդեսն ավարտվեց Շուշան Պետրոսյանի և Անուշ Ստեփանյանի «Աղե արկանք» արցախյան երգի կատարմամբ:
Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակ