«Մեզ ամեն ինչում մեղադրեցին։ Մեզ մեղադրեցին, որ մեկ տարի է՝ քարոզարշավ ենք անում, բայց իրականում մենք մեկ տարի գլուխներս կախ գործ ենք արել»,- այս մասին Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
Նա թվարկեց Երեւանում իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ լայնամասշտաբ ծրագրեր են իրականացվում։ «Սիրելի արաբկիրցիներ, գիտե՞ք՝ ինչու, որովհետեւ այստեղ մոտեցանք պապիկներին, ասացին՝ մի քիչ կլինի՞ այս հնամաշ վիճակը փոխեք, մի քիչ բարեկարգեք, էս ծառերն էլ մի քիչ տեսքի բերեք։ Ու այ էդ օրվանից Երեւան քաղաքում հիմնանորոգվում են 15 խոշոր այգիներ, որովհետեւ այստեղ պապիկներն ասացին այն, ինչ տասնամյակներով մենք բոլորս ուզում էինք։ Հետո հասկացանք, որ այդ կամքը, բավարար կամքը եւ կարողությունը՝ այս տեսակի գործերի համար պատասխանատվություն վերցնելու, մենք ունենք»,- ասաց նա։
Ավինյանը հավելեց․ «Մենք երբեւէ խնդիր չենք ունեցել, դուրս գալ, մարդկանց հետ շփվել, լսել մարդկանց կարծիքները, լսել մարդկանց քննադատությունը, դժգոհությունները։ Բայց այդ մեր՝ գլուխը կախ աշխատելու ժամանակաշրջանում էն մարդիկ, ովքեր ասում են՝ դուք քարոզարշավ եք սկսել, իրենք սկսել էին հակաքարոզը։ Եվ այս աշխատանքի մեծ, այս հսկայական օվկիանոսի մեջ, իհարկե, պետք է գտնել մազը՝ սակուրա, սակուրա։ Եվ ոչ մեկը չի ասի՝ ապրեք, որ 35 հազար հեկտար անտառ եք տնկել՝ իր ոռոգման համակարգով։ Հիմա նոր մենք արդարությունը վերականգնում ենք, ժողովուրդ ջան, մենք խոսելու ենք այն ծրագրերի մասին, որոնք իրականացրել ենք ձեր պահանջով, ձեր հանձնարարականով»։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ Երեւան էին ներմուծել 2500 սաղարթախիտ ծառեր, եւ դրանց մեջ կար ընդամենը 140 սակուրա։ «Եվ ոչ մեկը չասաց՝ 35 հեկտար անտառ տնկեցին էս մարդիկ, 2500 սաղարթախիտ ծառեր բերեցին։ Եվ էն թեղիները, որոնք արդեն բլոճներով պատված են ու արդեն իրենց կյանքը սպառել են, փոխվում են նոր ծառերով։ Ասացին՝ դուք բերել եք սակուրա, անուններս տենց մնաց, որ սակուրա ենք բերել։ Լավ ենք արել, բերել ենք, որովհետեւ սակուրան էլ տեղ ունի մեր քաղաքում, շատ քիչ տեղ ունի, բայց ունի։ Բայց տեղ ունեն նաեւ սոսիները, ծիրանենիները, գնդաձեւ թեղիները։ Իսկ գալիք հնգամյակի ընթացքում պատրաստվում ենք եւս 300 հա անտառածածկ տարածք վերականգնել Երեւանում։ Եվ 300 հեկտարը մեզ բերում է մի նոր սահմանագծի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված, որով միջին երեւանցու համար կանաչ տարածքի նվազագույն նորմատիվը մենք վերջապես անցնում ենք։ Մենք վերջապես օդի որակի վերաբերյալ մեր խնդիրները նվազագույնը մեղմում ենք»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ