Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզ ասում եմ՝ պարտադրանք, իրենք իրենցով չեն գնալու». Ռուբեն Հակոբյան

Սեպտեմբեր 12,2023 20:40

«Պարզ ասում եմ՝ պարտադրանք, իրենք իրենցով չեն գնալու: Եթե մի քիչ բարոյականություն ունենային՝ կհասկանային, որ պետության շահը պահանջում է այլ բանակցող, բայց այս մարդիկ ռեպրեսիվ լծակներով պահում են իրենց իշխանությունը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում, Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Ռուբեն Հակոբյանը:

Քարոզարշավի ընթացքում դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը քանիցս նշել է, որ իրենք գնալու են մինչեւ վերջ եւ, որ թե դաշինքը, թե ինքը ստանձնում են Հայաստանում իշխանափոխության հասնելու գործընթացի անհատական եւ հավաքական պատասխանատվությունը: Ասուլիսի ընթացքում էլ Ռուբեն Հակոբյանը մի քանի անգամ շեշտեց, որ գնալու են մինչեւ վերջ. պարոն Հակոբյանից հետաքրքրվել էինք՝ ո՞րն է լինելու վերջը, քանի որ երկու անգամ, տարբեր շարժումների՝ Համաժողովրդական շարժման եւ Դիմադրության շարժման վերջը եղավ այն հրապարակում, որտեղ որ սկիզբն էր եղել ու անարդյունք, քանի որ Նիկոլ Փաշինյանը շարունակեց իշխանավարումը:

«Թող որեւէ մեկը չկասկածի՝ ընտրությունները կեղծվելու են: Եթե հիշում եք, այս ընթացքում իրենց վարչության անդամների ընտրությունների ժամանակ, 1000 ձայնից 100-ը կեղծվել էին, սրանք նոր սերնդի կեղծարարներ են: Եվ ես պետք է կոչ անեմ՝ բոլոր նրանց, ովքեր իսկապես մտել են ընտրարշավ, որպեսզի պետության մեջ բան փոխեն, բոլորս պետք է միասին այդ ընտրակեղծարարների դեմ պայքարենք: Ովքեր որ ոտքի կկանգնեն, որպեսզի այդ ընտրակեղծարարների դեմ պայքարեն, մենք բոլորի հետ կհամագործակցենք, չենք ասի՝ եկեք մեզ միացեք:

Հիմա, եթե ասենք՝ էլ ի՞նչ կարող ենք անելու… ընթացքը ցույց կտա»,- շարունակեց Ռուբեն Հակոբյանը:

ԿԸՀ-ում դաշինքի շահերի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանն էլ հավելեց՝ իրենք պայքարելու են այնքան, մինչեւ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա:

«Մեր դաշինքը մինչեւ վերջ հետեւողական է լինելու, որ պատժվեն հակաօրինական գործողություններ իրականացնողները, Նիկոլն է այդ ամեն ինչի գլխին, մենք ամեն միջոցով կփորձենք, որ այս վարչախմբին զրկենք իշխանական լծակներ ունենալու հնարավորությունից»,- հավաստիացնում է Ռուբեն Հակոբյանը:

Լրագրողներից մեկի հարցին էլ՝ երբ ասում են՝ գնալու ենք մինչեւ վերջ, նկատի ունե՞ն, որ իրենց դիմաց կանգնած է «Մարտի 1-ի կազմակերպիչը. իրենք քաղաքացիական պատերազմի գնալո՞ւ են»:

Ռուբեն Հակոբյանը հստակեցրեց՝ երբ ասում է՝ ամեն գնով, նաեւ միջազգային իրավունքի որոշ դետալներն է նկատի ունենում, որովհետեւ միջազգային իրավունքն արձանագրում է՝ եթե քո իրավունքը խախտվել է, եթե քո արժանապատվությունը խախտված է, ցանկացած միջոց, որով կարելի է պաշտպանել ոք արժանապատվությունը, քո իրավունքը, սահմանադրական է: Կան եվրոպական պետություններ, որոնց Սահմանադրությունում կա ապստամբելու իրավունք. տերմինը Ռուբեն Հակոբյանին այդքան էլ դուր չի գալիս, բայց նկատում է՝ գործող իշխանությունը քաղաքացուն, որը Սահմանադրությամբ բարձրագույն արժեք է հռչակված, գլխատում է իր քաղաքական շահերի համար, վիրավորում է, դրա համար ասում է՝ այո, տեսականորեն կարելի է ենթադրել քաղաքացիական պատերազմ, բայց գործնականում այն բացառում է եւ վստահ է, եթե քաղաքացին համախմբվի դաշինքի շուրջ՝ ամեն ինչ ինքնաբերաբար տեղի կունենա:

Aravot.am-ի մյուս հարցի՝ քաղաքացին, որը երկու անգամ համախմբվել է Համաժողովրդական շարժման եւ Դիմադրության շարժման շուրջ ու հիասթափվել, ինչո՞ւ պիտի համախմբվի այս դաշինքի շուրջ, պատասխանը՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930