Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական հանդիպումներ էր ունենում Արաբկիր վարչական շրջանում, որտեղ քիչ անց նախատեսված է նաեւ ամփոփիչ հանրահավաք։ Տիգրան Ավինյանը թիմակիցների հետ ավտոբուսով մեկնեց հանրահավաքի վայր։ Ավտոբուսում Ավինյանը կատակներ էր անում թիմակիցների հետ։ Բարձրախոսը պարզելով Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի ուղղությամբ, Տիգրան Ավինյանն ասաց․ «Պարոն Ազատյան, հլը ճիշտն ասեք՝ վարչական ռեսուրս կիրառե՞լ եք»։ «Հա, հաստատ»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը։ «Հեսա կգնանք, կստուգենք, գիտե՞ս, որ լայվ է»,- ասաց Ավինյանը։
«Սիրելի արաբկիրցիներ, ձեր ավտոբուսում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածու, քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կոչ ենք անում սեպտեմբերի 17-ին անպայման գնալ ընտրատեղամասեր»,- ավտոբուսում կատակում էին Ավինյանի թիմակիցները։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ