Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ճիշտ էին, դու՝ սխալ, Նիկոլ». Էդուարդ Շարմազանովը Վլադիմիր Պուտինին է մեկնաբանում

Սեպտեմբեր 12,2023 19:01

«Դեռեւս հայտնի չէ ինչ նամակ է գրել Փաշինյանը Պուտինին։ Ես չեմ հիշում նաեւ դեպք, երբ Ռուսաստանում մեր դեսպանը կանչվեր ԱԳՆ»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հայ-ռուսական հարաբերություններում այս ճգնաժամի մեղավորը համարելով Հայաստանի ՔՊ-ական իշխանությանը։ «Բոլորս ունենք Ռուսաստանին հարցեր տալու, նրանից ինչ-որ բաներ պահանջելու իրավունք, բայց ոչ երբեք Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ ինքն է հրաժարվել Արցախից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պայմանավորված կերպով խախտելու եւ Բերձորի միջանցքը փակելու մեջ մեղադրելով Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին։

«Պուտինն այսօր շատ կարեւոր բան է ասել, եթե բաց ասեմ, ասել է՝ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ճիշտ էին, դու՝ սխալ, Նիկոլ»,- հայտարարեց ընդդիմադիր գործիչը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօր արած այն հայտարարությանը, որ Ռուսաստանը որեւէ կերպ միջամտել չի կարող Արցախի հարցում, քանի որ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։

Նկատելով, որ թուրքական կողմը որեւէ զիջումով չի բավարարվելու, Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ հայ ժողովրդի 5000-ամյա պատմության ամենահերոսական էջը՝ Արցախյան հաղթանակը, չի մսխվելու եւ թուրքը հային չի հաղթելու։ Ստեղծված իրավիճակի համար էլ նա մեղադրում է ոչ թե ժողովրդին, այլ քաղաքական էլիտային, բայց որ Հայաստանի ղեկավարին փոխելու պարագայում հաղթանակը կերտվելու է՝ նա կասկած չունի։ Եթե ձախողված Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակում է պաշտոնավարել, դա Էդուարդ Շարմազանովը համարում է ընդդիմության անհաջողությունը, միաժամանակ մտածելով, որ նույն ընդդիմության պայքարի շնորհիվ է, որ Փաշինյանի վարկանիշը իջել է 13 տոկոսի։ Իսկ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու բանաձեւը նրա համար հստակ է՝ յուրաքանչյուր դերակատար պետք է մտածի ոչ թե իշխանության գալու, այլ իշխանափոխության մասին։  Իսկ Հայաստանում իշխանափոխության հնարավորության նա միանշանակ տեսնում է՝ հավելելով, որ Արցախի հերոսական ժողովուրդն է այդ հնարավորությունը մեզ տալիս։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930