Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

Սեպտեմբեր 12,2023 18:40

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Իտալիայի նախկին վարչապետ, Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողությունը, որին հաջորդեց «Բարդ աշխարհակարգ» թեմայով դասախոսությունը:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շեշտեց, որ Ռոմանո Պրոդին եվրոպական և ամերիկյան մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր է, և ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումի շնորհումը ևս հիմնված է վերջինիս ծավալած գիտամանկավարժական ու հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության, տարբեր ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի, գրանցած ձեռքբերումների և մեծ վաստակի վրա:

Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ ԵՊՀ ռեկտորը շեշտեց. «Այսպիսի մեծ հեղինակություն վայելող պրոֆեսորների այցը և դասախոսությունները ԵՊՀ-ում մեծապես բարձրացնում են թե՛ համալսարանի, թե՛ ընդհանրապես հայկական բուհական համակարգի հեղինակությունը և միջազգային վարկը: Հետագայում պրոֆեսորի հետ կարող ենք խորացնել մեր համագործակցությունը իտալական ու միջազգային այն բուհերի հետ, որտեղ նա պատվավոր դոկտոր է»:

ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն ընդգծեց, որ պատվավոր դոկտորի կոչումի շնորհումը հավասարապես պատվաբեր է թե՛ ընդունողի, թե՛ հանձնողի համար:

«Այս ամենի շնորհիվ ՀՀ-ն և ԵՊՀ-ն ևս մեկ կարևոր «դեսպան» կունենան միջազգային ասպարեզում, ինչը ենթադրում է տարբեր ձևաչափերով ու ուղղություններով համագործակցություններ՝ ակադեմիական, մշակութային, քաղաքական և այլն»,- նշեց Մ. Հովհաննիսյանը:

Ռոմանո Պրոդին իր երախտագիտությունը հայտնեց շնորհված կոչման համար և շեշտեց, որ այն հիմք կլինի գիտակրթական և այլ ուղղություններով հետագա համագործակցությունների համար: Այնուհետև պրոֆեսորը դասախոսություն կարդաց «Բարդ աշխարհակարգ» թեմայով, որի ժամանակ ներկայացրեց իր պատկերացումները նոր աշխարհակարգի, այնտեղ ընթացող պարբերական փոփոխությունների, դրական ու բացասական երևույթների, պատերազմների և կոնֆլիկտների, աշխարհում ուժերի հարաբերակցության ու դրա պատճառահետևանքային կապերի վերաբերյալ:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930