Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ Լեւոն Տեր-Պետրոսյանն Արցախը հանձնող էր, 2008-ին ո՞նց էիր գոռում՝ Տեր-Պետրոսյան նախագահ». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մասին

Սեպտեմբեր 12,2023 18:30

«Երեկվա նրա հարցազրույցը քաղաքական իմպոտենտի ողորմելի կրուտիտներ էր, արդարացման փորձեր. մի կողմից արդարացնում էր իր հակառուսական դեմարշը, մյուս կողմից՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար մեղադրում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Ալմա Աթիի հռչակագրի համար»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։

Էդուարդ Շարմազանովը Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին հրապարակային շնորհավորեց՝ հայտարարելով, որ նրա առաջադրումը եւ ընտրությունը փաստում է այն, որ Արցախում դեռ կան ուժեր, որոնք հավատարիմ են մնում 1988թ. արցախյան շարժման իդեաներին ու պատրաստ են ամեն ինչ անել Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու համար։

«Նիկոլ, որ ասում ես՝ վիճակը ծանր է, չեմ շնորհավորում, կարո՞ղ է Սամվել Շահրամանյանն է Արցախը հասցրել այդ վիճակին։ Դրա պատճառը քո՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությունն է։ Դու ծնկել ես Ալիեւի առաջ. դու չէի՞ր Շուշիում տրնգի պարում, քո թիմակիցները չէի՞ն ասում՝ Ակնան իմ հայրենիքն է. բա դուքով էիք, ասում էիք այլեւս չեք ծնկելու, վզներս չենք ծռելու…»,- Նիկոլ Փաշինյանին իր նախատինքն ուղղեց Էդուարդ Շարմազանովը եւ մեկ անգամ եւս մանրամասն անդրադարձավ այն հարցին, թե ինչու Ալմա Աթիի հռչակագրով Արցախը չէր կարող ճանաչվել Ադրբեջանի մաս՝ այն պարզ պատճառով, որ հռչակագրի ընդունման ժամանակ ադրբեջանական ԽՍՀ չկար եւ Արցախն էլ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։

Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իր՝ խորհրդարանական դիվանագիտությա ն 12 տարիների ընթացքում, ադրբեջանցի որեւէ պատգամավոր որեւէ բանավեճում չի բարձրացրել հարց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ալմա Աթիի հռչակագրով Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս. «Մինսկի խմբի համանախագահները այդքանը չէի՞ն հասկանում։ Որ Լեւոն Տեր-Պետրոսյանն Արցախը հանձնող էր, 2008 թվականին ո՞նց էիր գոռում՝ Տեր-Պետրոսյան նախագահ»։ Նիկոլ Փաշինյանի պնդումները լկտի սուտ որակելով, Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց նաեւ Ժոզեֆ Բորելի եւ Մարիա Զախարովայի այն հայտարարությունները, որ Նիկոլ Փաշինյանն է այն առաջին ղեկավարը, ով Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։

Այս ամենի համատեքստում Էդուարդ Շարմազանով Լաչինի միջանցքը փակելու «քավորը» համարում է հենց Նիկոլ Փաշինյանին։

Անդրադառնալով Ակնայով ռուսական բեռնատարների մուտքին Ստեփանակերտ, Էդուարդ Շարմազանովը ստեղծված իրավիճակում դրական գնահատեց դա։ Իր բնութագրմամբ՝ Արցախի նորընտիր իշխանությունները եւ Ռուսաստանը թույլ չտվեցին, որ Ադրբեջանն իրացնի իր ցանկությունը՝ այս ճանապարհով ադրբեջանական բեռներ մտցնի Արցախ. «Ռուսաստանը ցույց տվեց, որ Արցախի ժողովրդի ճակատագիրը իր համար մեկ չէ»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930