Երեկ Գյումրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում (Գյումրու նախկին ծննդատանը) լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում նահատակված Սառնաղբյուրի բնակիչ Գառնիկ Խաչատրյանի եղբայրը, որին անվանել են Գառնիկ։ Փոքրիկը ծնվել է 3 կիլոգրամ քաշով։
Ինչպես ասում են հարազատները, նա անչափ նման է իր հերոս եղբորը՝ սև աչքերով, հայացքով։
Նորածին Գառնիկը 43-ամյա Հերմինե Մնացականյանի երրորդ զավակն է․ նրա 25-ամյա դուստրն ամուսնացած է, երեխաներ ունի, որդու մահից հետո տանը մնացել էին ամուսիններով՝ իրենց չամոքվող վշտի հետ, դատարկության մեջ․․․
Միակ մխիթարանքը մոր համար եղել է երազը։ Նա ասում է, որ զոհված որդին միշտ եկել է երազին, ուժ տվել իրեն։
Կարդացեք նաև
«Ես ասում էի՝ որդուս մահից հետո ինձ երեխա պետք չէ, բայց Գառնիկս գալիս էր երազներիս՝ փոքրացած, կանաչ շորերով, գալիս ու գիրկս էր նստում։ Պատահաբար իմացա հղի եմ, հասկացա, որ տղա զավակ եմ ունենալու։
Կարծում եմ այն ծնողները, որոնք զավակ են կորցրել ու մտադրություն չունեն նոր զավակ ունենալու, սխալ են անում, գոնե պիտի իմանան՝ ինչի համար են ապրում։
Փոքրիկը մեծ հույս է, իհարկե, ինքն իր տեղը կունենա, Գառնիկիս տեղը չի գրավի, բայց սփոփանք է, հույս է, ապրում ես նրա համար։ Մեր ազգի հավերժության համար պիտի պայքարել»,-ասում է Հերմինե Մնացականյանը։
Գառնիկ Խաչատրյանը ժամկետային զինծառայող էր, մեկ տարի չորս ամիս ծառայության մեջ էր։ Նա ծառայում էր Նոյեմբերյանի Կողբ գյուղի զորամասում, երբ սկսվեց պատերազմը։
«Ծննդյան օրը զանգեցինք, հարցրեցինք՝ Գառնիկ ջան, հո քեզ էլ չե՞ն տանում ռազմաճակատ, ասաց՝ չէ, մամ ջան, հանգիստ եղիր, չեն տանում։ Ինձ խաբել էր, որ չանհանգստանամ, ծառայակիցներին էլ խնդրել էր, թե ծնողներիս հանկարծ չասեք, որ ինձ տանում են։
Խաբար եկավ, թե երեխես վիրավոր է, որ հիվանդանոցներից մեկում է, բայց իրականում հիվանդանոցում չի էլ եղել։ Երեխես վիրավոր է եղել, 9 ժամ տանջվել է, բժիշկը գնացել էր, որ փրկեր, ինքն էլ հետն էր վիրավորվել։ Դասակից 16 զինվոր մահացել են։
Ես զգում էի, որ մի բան էն չէ, ասում էի՝ իմ երեխեն չկա, իրենք չէին հավատում։
Ամսի 20-ին ինքը զոհվել է, բայց էդ օրը մեզ հայտնեցին, թե ինքը վիրավոր է, հրազենային վիրավորում է ստացել։ 9 ժամ ողջ է մնացել, ուղղակի չեն կարողացել երեխեքին հանել-փրկել։ 101 օր մարմինը ման ենք եկել»,- սգում էր մայրը։
Այդ մեծ վշտի մեջ՝ նա փառք է տալիս Աստծուն, որ որդու մարմինը շատ զինվորների նման անճանաչելի չէր, մարմինն անդամահատված չէր։
Մայրն ասում է՝ Գառնիկը հետախույզ էր, նրա ամենասիրած աշխատանքն էր, երազում էր բանակից վերադառնալ ու շարունակել զինվորական կրթությունը։
«Գառնիկը շատ շփվող էր, գյուղում որևէ մեկն իրեն կանչեր, անմիջապես հասնելու էր օգնության։ Աստված տա, փոքրիկ Գառնիկս էլ իր հերոս եղբոր պես լինի՝ խելացի, շնորհքով, մարդամոտ ու հայրենասեր»,-երազում է մայրը։
Հարազատներից մեկը պատմեց, որ հոր՝ Մանուկ Խաչատրյանի հանդիպումը նորածին որդու հետ եղել է անչափ հուզիչ․ հայրը, տեսնելով փոքրիկ Գառնիկին, սկսել է արտասվել ու զրուցել․ «Դու եկա՞ր, Գառնիկ ջան, չեմ հավատում, որ վերածնվել ես․․․»։
Հարազատներն անչափ զգացված էին Գյումրու ծննդատան բժիշկների յուրահատուկ ու հոգատար վերաբերմունքից։
«Բավական ժամանակ՝ գնում-գալիս ենք ծննդատուն, ինչ կարգի հոգատարություն են ցուցաբերել՝ տնօրենից սկսած մինչև վերջին աշխատակիցը, ոնց ասեմ՝ թագավորի պես կանգնած ենք եղել մեր գլխին։ Էնպես են անում, որ միշտ մտածես բալիկներ ունենալու մասին»,-ասացին հարազատները։
Հերմինե Մնացականյանի հղիությունը վարող Գյումրու ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ նա բարձր ռիսկային հղի է եղել, հղիությունն ընթացել է մի շարք բարդություններով։ Գյումրու ծննդատանը հղին անցել է բոլոր դժվարամատչելի հետազոտությունները։
Ծննդատան անձնակազմը համագործակցել է պտղաբերության կենտրոնի հետ, հերոսի մայրը բուժումներ է ստացել նաև այդ կենտրոնում, որից հետո նրա մոտ արձանագրվել է հղիություն՝ բնական ճանապարհով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ