Aravot.am-ը «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության (ՀԱՍԱԿ) 2-րդ համար Ծովինար Կոստանյանից հետաքրքրվեց, թե ինչ են արձանագրել քարոզարշավի ընթացքում եւ ինչ ակնկալիքներ ունեն: «Քարոզարշավը մոտենում է իր ավարտին, մենք հասցրել ենք լինել գրեթե բոլոր վարչական շրջաններում, այսօր նաեւ Էրեբունի վարչական շրջանում ենք լինելու, շփվելու ենք քաղաքացիների հետ: Մի քանի բան ենք արձանագրել՝ մարդիկ շատ հիասթափված են քաղաքական գործընթացներից եւ ընդհանրապես կա մեծ անտարբերություն՝ նաեւ այս ընտրությունների հանդեպ: Չնայած դրան՝ մարդիկ հույս ունեն, որ կլինեն եւ թեկուզ այս ընտրություններին կան այնպիսի քաղաքական ուժեր, որոնք նոր կադրեր են, եւ կարող են բեկում մտցնել այս ամենի մեջ»,-ասաց Ծովինար Կոստանյանը:
«Մեր կուսակցությունը հիմնականում երիտասարդներից է բաղկացած, ինքներս ենք այդ կուսակցության հիմնադիրը, մենք չենք ծառայում որեւէ խմբակի կամ նեղ էլիտար շահերի: Մենք եւս հոգնել են լուռ ունկնդրելուց այս անվերջ քաղաքական գզվռտոցը եւ մեր ասելիքն ունենք քաղաքականության մեջ: Եվ երբ մարդիկ ծանոթանում են մեզ, մեր գաղափարներին ու ծրագրին, հուսով են լցվում, որ այս ընտրություններին պետք է քվեարկեն մեր օգտին, որովհետեւ այդպիսով հնարավորություն են տալիս, որպեսզի քաղաքական դաշտ մուտք գործեն նոր, առողջ երիտասարդ կադրեր: Մենք մեծ հուսով ենք լցված, որ մարդիկ ճիշտ ընտրություն կկատարեն եւ սեպտեմբերի 17-ին իրենց ձայնը կտան 8-րդ համարին»,-նշեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով Հանրայինի ուղիղ եթերում կայանալիք Երևանի ավագանու 2023 թ. ընտրությունների առաջին հեռուստաբանավեճին իրենց մասնակցությանը՝ ասաց. «Բանավեճը հետաքրքիր ձեւաչափ է, հնարավորություն կտա, որպեսզի բոլոր ուժերը կարողանան խոսել իրենց ծրագրերից: Ես գնում եմ այդ բանավեճին, որպեսզի խոսեմ մեր ծրագրերից, ներկայացնեմ մեզ, որպեսզի հանրությանն ավելի պարզ դառնա, թե ովքեր են «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության թեկնածուները, ինչ ծրագրով ենք հանդես գալիս:
Կարդացեք նաև
Ի դեպ, երբ որոշում կայացրինք այս ընտրություններին մասնակցելու, մեզ համար սկզբունքային էր, որ մեր ծրագիրը լինի իրատեսական եւ բխի Երեւան քաղաքի բնակչի շահերից: Այսօր որոշ քաղաքական ուժեր խոսում են մեգանախագծերից, մինչդեռ Երեւանում կան պարզագույն խնդիրներ, որոնք տարիներ շարունակ իրենց լուծումը չեն գտնում…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ