Ռուսական կողմը հետևողական ջանքեր է գործադրում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում բարդ մարդասիրական իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից առաջ քաշված նախաձեռնության շրջանակում հուլիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ մշակվել է «Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման սխեմա»: Հաշվի առնելով դիրքորոշումների տարբերությունները՝ միմյանց նկատմամբ անվստահության բարձր մակարդակը՝ այդ աշխատանքը դժվար է առաջ գնացել:
Որպես առաջին քայլ՝ սեպտեմբերի 12-ին տարածաշրջան է ուղարկվել մարդասիրական օգնության առաջին չափաբաժինը «Ռուսական կարմիր խաչ» կազմակերպության միջոցով: Լեռնային Ղարաբաղում օգնության կարիք ունեցողներին փոխանցվել է մոտ 15 տոննա սնունդ, անձնական հիգիենայի և անկողնային պարագաներ:
«Ակնկալում ենք, որ հաշվի առնելով ավելի վաղ ձեռք բերված ըմբռնումը՝ առաջիկայում Աղդամի երթուղուն զուգահեռ կարգելափակվի նաև Լաչինի միջանցքը, իսկ հետո մարդասիրական օգնությունը տարածաշրջան կմտնի անխոչընդոտ կերպով և մշտական հիմունքներով՝ երկու ուղղություններով»,- ասվում է մեկնաբանության մեջ:
Կարդացեք նաև
Զախարովան հույս է հայտնել, որ այդպիսով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակը կկայունանա, իսկ տեղի բնակության բնականոն կենսագործունեությունը կվերականգնվի: «Դա իր հերթին պայմաններ կստեղծի Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսության և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ 2020-2022թթ. բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացմանն ուղղված ռիթմիկ աշխատանքի վերականգնման համար»,- ասվում է մեկնաբանության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ