«Հինգ տարի առաջ չէի պատկերացնի, որ ճանապարհն այսքան խորդուբորդ կլինի։ Բայց կարեւորը սկզբունքներն են, որոնց հետ կապված մենք շատերի հետ միասին 10-15 տարի առաջ շատ տարբեր հարցերի շուրջ պայքարում էինք։ Բայց, ըստ իրավիճակի, մարդիկ հայտնվում են տարբեր կողմերում՝ իրենց սկզբունքներին գուցե հավատարիմ»,-այսօր Երեւանի ավագանու նիստում իր ելույթում ասաց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը, որը 2020 թվականի դեկտեմբերին «Իմ քայլը» խմբակցության կազմից դուրս է եկել։
Նշենք, որ սա ավագանու այս կազմով վերջին նիստն է, սեպտեմբերի 17-ին Երեւանի ավագանու ընտրություններից հետո ավագանու նոր կազմ է ձեւավորվելու։
«Չէի կարող պատկերացնել, որ պայքարի իմ գործընկերներից կլինեն մարդիկ, որոնք այն ժամանակ 50 դրամի համար կպայքարեին, բայց այսօր Ծիծեռնակաբերդի ճանապարհը ապականելու համար ընդհանրապես ձայն չեն հանի, կամ բակերի իրավիճակը, որ անունը դնում են փողոցների կամ բակերի բարեկարգում, բայց խայտառակ, շատ վատ որակի աշխատանք են անում։ Ես չէի պատկերացնի, որ էդպիսի իրավիճակ կլինի։ Քաղաքացին բոլոր փաստերը տեսնում է՝ այն, որ մի գիշերում կարող էին գազոններ կտրվել, որովհետեւ իշխանության թեկնածուն գալիս է այդ բակ, կամ աթոռները բետոնվեն, որոնք մի քանի ամիս շպրտած էին էդտեղ, ջուրը թափվում էր էդտեղ, ու մեկ էլ մի գիշերում․․․ մենք ապրում ենք այդպիսի «հրաշալի» իրավիճակում։ Ես վստահ եմ, որ մենք չպիտի կուլ գնանք աթոռներին, պաշտոններին, վերաբերմունքին, այն գումարներին, որոնք կարծում ենք, թե կունենանք»։
Ավանեսովը երեւանցիներին հորդորեց անպայման գնալ ընտրատեղամաս եւ քվեարկել։
Կարդացեք նաև
«Իսկապես, այս ընտրությունները քաղաքական ընտրություններ են՝ ով, ինչ ուզում է ասի։ Սա ԺԵԿ-ի պետի ընտրություններ չեն, եւ ուղղակի խնդրում եմ՝ էդ կուտը չուտել, խնդրում եմ, աղաչում եմ, որպեսզի երեւանցին կատարի ճիշտ ընտրություն քվեախցիկում, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում՝ գրպանի ընդդիմությունից բռնած մինչեւ նաեւ իմ նշած իրադարձությունները՝ մի գիշերվա մեջ աշխատանքները եւ այլն, հետո մոռացվում, գնում են։
Երեւանցու ընտրությունը բարդ է լինելու, բայց Երեւանի քաղաքացին պիտի կատարի ընտրություն, ու ծիտիկ դնելով նաեւ պիտի հասկանա, որ Հայաստանի հանրապետության եւ Արցախի Հանրապետության ապագայի հարցը նույնպես կախված է իր ընտրությունից։ Իսկապես այդպես է՝ անկախ նրանից, թե ինչ ֆոն են ուզում ստեղծել շատ տարբեր ուժեր ու խմբավորումներ»,-ասաց Ավանեսովը։
Նա նշեց, որ ինքն էլ չգիտի, թե ում է ընտրելու, ընտրելու է, թե՝ ոչ, բայց հորդորեց քաղաքացիներին ճիշտ ընտրություն կատարել, ապա նշեց, որ ընտրատեղամաս գնալու է։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ