Ուսուցիչները բողոքի ցույց են անում ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք դժգոհ են Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ էլեկտրոնային ծրագրից՝ emis.am-ից, նոր չափորոշիչներից, 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանների դասագրքերից:
«Հարգելի ուսուցիչներ, էլեկտրոնային մատյանների լրացման կարգը հաստատված է նախարարի հրամանով 2020թ-ից ի վեր: Դուք 2020թ-ից է վեր այդ էլեկտրոնային մատյանը լրացնում եք, հիմա նույնպես շարունակելու եք նույն կարգով լրացնել»,-ասաց նրանց հետ հանդիպած ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը:
«Մեր համբերությո՞ւնն էիք փորձում», «ուզում էինք իմանալ՝ ինչքան կդիմանա՞նք» զայրացել էին ուսուցիչները՝ դժգոհելով emis-ում զետեղված ուղեցույցից:
«Այն, ինչը, որ emis-ում դրված էր, ընդամենը մեթոդական ուղեցույց էր, այլ ոչ թե նախարարի հրամանով հաստատված կարգ, ուսուցիչը էլեկտրոնային մատյանը պարտավոր է լրացնել հաստատված կարգով: Այդ ուղեցույցն այլեւս չկա, հանված է»,-վստահեցրին ուսուցիչներին:
Կարդացեք նաև
Ուսուցիչները դժգոհեցին, որ ողջ օրը ստիպված են լինում նստել համակարգչի առաջ ու լրացնել հազար ու մի բան, ինչ պարտադրում են իրենց:
«Մարդը Սահմանադրությամբ իրավունք ունի աշխատելու 8 ժամ, մինչդեռ ուսուցիչն աշխատում է 24 ժամ: Ուսուցիչը տուն է գնում եւ նորից նստում է համակարգչի առաջ: Ստացվում է՝ մեր տան բոլոր անդամներին պիտի մոռանանք ու 24 ժամ համակարգչի առաջ աշխատե՞նք․․․Վերադարձրեք թղթե մատյանները, ուսուցիչը տեսնի, թե ինչ է անում»,-ասաց ուսուցիչներից մեկը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ