«Իմ ասածի իմաստն այն էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը փորձի կրակ բացել հայրենասերների վրա, ապա հայրենասերների մեջ դրանից վախեցող չկա»,-ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ 2018-ին ընթացող իրադարձությունների անարյունության պատասխանատուն իշխանությունն է․ «Իշխանության խոհեմության արդյունքում է, որ 2018-ին բախումներ չեղան, չնայած դուք դրան շատ էիք ձգտում, դրա համար դուք արեցիք ամեն ինչ, ատելության մթնոլորտ, պրովոկացիաներ արեցիք, բայց դա չհաջողվեց։ Թեպետ ձեզնից ոչ մեկ դրանից չի խոսում, բայց անարյունության մասին ձեր ելույթները կպատմեք էջմիածինցի Նվեր Հովհաննիսյանի ընտանիքին, որը դանակահարվեց 2018-ի ապրիլին ձեր կողմնակիցների կողմից, կամ կպատմեք 2022-ի հունիսին գլխի ծանր վնասվածք ստացած մեր ընկերոջը, երբ կիրառվեցին հատուկ միջոցներ, կրակ բացվեց խաղաղ ցուցարարների նկատմամբ և անհրաժեշտ եղավ հատուկ բժշկական միջամտություն»։
Հայկ Մամիջանյանն ասաց, որ կասկած անգամ չունի, որ Փաշինյանը կտա կրակի հրաման․ «Բայց մեծ կասկած ունեմ՝ այդ հրամանը կատարող կլինի՞, թե ոչ։ Ես գիտեմ, որ չի լինի։ Դուք հարցնում էիք՝ ում արյամբ, թեկուզ իմ արյամբ, ազատության հաշվին։ Դա ամենափոքր զոհողությունն է, որ կարելի է անել։ Ես բունկեր չունեմ, արտերկրում բնակարան չունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ այնտեղ ապրելու։ Այնպես որ, դրա քննարկումն ավելորդ է»։
Դիմելով ՔՊ-ական պատգամավորներին՝ ասաց․ «Ասածներիս մասին մտածելու ժամանակ դուք դեռ ունեք։ Ես շատ անգամ եմ կրկնել՝ մի անգամ էլ կրկնեմ։ Նիկոլ Փաշինյանը Նոյը չէ․ տապան չունի։ Չեմ կարծում, որ այստեղ նստածներիցդ բոլորդ եք պատրաստ դառնալ անկախ ՀՀ-ի վերջին գումարման պատգամավորներ։ Մտածեք, դեռ ժամանակ կա, բայց շուտով, երբ կանչը հնչի, կլինի արդեն գործողությունների ժամանակը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ