Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է որոշելու, որ օրինակ ինչ-որ երգ անպարկեշտ արտահայտություններ ունի»․ Երեւանի բացօթյա վայրերում միջոցառումներ անցկացնելու պահանջներ են ներդրվում

Սեպտեմբեր 12,2023 17:14

Մշակութային գործունեության իրականացման նպատակով Երեւան քաղաքի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն) օգտագործման պայմանները, պահանջները եւ սահմանափակումները հաստատելու մասին նախագծի վերաբերյալ ավագանու այսօրվա նիստում ավագանու որոշ անդամներ տարակուսանք հայտնեցին։

Նախագծով Երեւանի հանրային բացօթյա վայրերում մշակութային գործունեության իրականացման ընթացքում արգելվում է այնպիսի նյութերի եւ առարկաների օգտագործումը, որոնք կարող են անմիջական վտանգ առաջացնել մարդկանց կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության համար:

Նախագծով արգելվում է մշակութային գործունեության իրականացումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն, պատերազմ կամ քրեական ենթամշակույթ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած եւ ճանաչած վարքագծի կանոններ քարոզելու նպատակով։

Ինչպես նաեւ արգելվում է մշակութային գործունեության իրականացումը, որն ուղեկցվում է հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ մարդկանց անդորրը խախտելով կամ օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով։ Նախագծի մանրամասները

Նախագծով նախատեսվում է սահմանափակել բացօթյա վայրերում մշակութային գործունեության, այդ թվում՝ գրական, երաժշտական, պարային ելույթների իրականացումը։ Օրինակ՝ ձայնի սահմանափակում գոյություն կունենա, ինչպես նաև 10 մետր հեռավորություն պետք է պահպանվի բնակելի տներից, հասարակական և առևտրային կազմակերպություններից, եթե առավոտյան 10-ից մինչև 21։00-ն է իրականացվում, իսկ մինչև 23։00-ի պարագայում՝ 100 մետր հեռավորություն

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ մայրաքաղաքի տարբեր փողոցներում, հատկապես կենտրոնում, հաճախ անճաշակ երաժշտություն է հնչում, այդ թվում՝ ոչ միայն հայկական։ Անտոնյանն ասաց, որ տարբեր մայրաքաղաքներում, օրինակ` մշակույթի վարչությանը կից համապատասխան խորհուրդ կա, եւ փողոցում նվագող երաժիշտ կամ խումբ այդ խորհրդի ֆիլտրով է անցնում եւ համաձայնեցնում է երգացանկը, որը փողոցում պետք է ներկայացվի։

«Վերջերս Հյուսիսային պողոտայում նկատեցի պարսկերեն լեզվով համերգ, չեմ ուզում որակում տալ՝ լա՞վ է, թե՞ ոչ, սակայն զբոսաշրջիկները կարծում էին հայկական համերգ է։ Ի՞նչ մեխանիզմով է անցնելու զտումը»,-ասաց Անտոնյանը։

Քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն ի պատասխան ասաց՝ որեւէ հանձնաժողով հնարավոր չէ ստեղծել, որովհետեւ որեւէ մեկի ճաշակը հնարավոր չէ թելադրել մեկ այլ մարդու․ «Նախագծում գրված են այն սահմանափակումները, այն երեւույթները, որոնք առաջին իսկ հայացքից թվում է, թե կարող են վատ կամ այլ քարոզ ունենալ»։

Անտոնյանն արձագանքեց՝ գուցե երեք հոգանոց այն խումբը, որը մի հատ զուռնա, մի հատ դհոլ ու ակորդեոն է նվագելու, կարգին համապատասխանի, բայց բովանդակությունը համապատասխան չլինի։

Գոշ Սարգսյանն ասաց, որ որեւէ չափորոշիչ հնարավոր չէ մտածել բովանդակության համար։

«Ես այլ մայրաքաղաքների օրինակը բերեցի՝ համապատասխան խորհուրդ ունեն, որտեղ տարբեր ճաշակներով մարդիկ են եւ իրենք ի վիճակի են որոշելու, թե ինչ երաժշտություն հնչի, ոչ թե «доля воровская» կամ էն հայկականը, որը չի համապատասխանում հայկականին»։

«Իմ քայլից» Նուարդ Վարդանյանն էլ ասաց՝ ի՞նչ է նշանակում՝ պետական մարմինը կարգավորի մշակույթը․ «Մշակութային գործիչներին պետք է հնարավորինս ազատություն տալ։ Գոյություն ունի անճաշակ երաժշտություն՝ սուբյեկտիվ ամեն մեկիս կարծիքով, բայց այդ ամենը ժողովրդին կրթելու միտում ունի, ոչ թե սահմանափակել այդ մարդկանց կարգավորել»։

Վարդանյանը նաեւ նշեց, որ զբոսաշրջիկները բողոքում են, որ Երեւանում ժամը 23։00-ից հետո ակտիվություն չկա։ Իսկ առաջարկվող նախագծով մշակութային այդ միջոցառումները ժամային սահմանափակում են ունենալու մինչեւ ժամը 23։00-ը։

«Իմ քայլը» խմբակցությունից Սաթենիկ Մկրտչյանն էլ հետաքրքրվեց՝ ով՞ է որոշելու, որ օրինակ ինչ-որ երգ անպարկեշտ արտահայտություններ ունի, ո՞վ է որոշելու՝ սա խաթարո՞ւմ է շրջակա միջավայրը, թե՞ ոչ․ «Շատ ձեւակերպումներ կան․․․ թե ինչպես եւ ով է որոշելու շատ էական է, բայց կարգում ոչ մի մեխանիզմ չկա դրա մասին, եթե այս ձեւով ընդունեք, ստացվելու է, որ չգիտենք, թե ով է որոշելու անպարկեշտ բառը եւ այլն»։

Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը պարզաբանեց՝ վարչարարություն իրականացնողն է որոշելու, իսկ եթե որոշումը սխալ լինի, քաղաքացին կարող է բողոքարկել․ «Պարզապես որեւէ այլ լուծում մեր իրավական ակտերում․․․հո անպարկեշտ արտահայտությունների ցանկ չէինք տալու։ Բառերն ունեն բառարանային ձեւակերպում, մենք բոլորս էլ գիտենք, թե որ արտահայտություններն են համարվում անպարկեշտ, բոլորս էլ գիտենք, թե որ նյութերը կարող են վնաս հասցնել»։

Արձագանքելով Մարգարյանին, Սաթենիկ Մկրտչյանն ասաց՝ այստեղ բաներ կան, որոնք այդքան էլ միանշանակ չեն, ստացվում է, որ վարչարարն իր պատկերացումներով պետք է թույլտվություն տա․ «Հետո քաղաքացուն վնասը պատճառը, ընկնի դատական գործընթացի մեջ։ Հստակություններ են պետք կամ էլ ոչ միանշանական ձեւակերպումները հանել կամ ավելացնել որոշելու մեխանիզմը»։

Ընդ որում, եթե կարգի պահանջները չպահպանվեն, ապա պատասխանատվության միջոցներ կկիրառվեն եւ այլ հարկադրանքի միջոցներ։

Նախագծով նաեւ սահմանվում է, որ մշակութային գործունեության իրականացման ընթացքում ուղեկցվող ձայնի ուժգնությունը չպետք է գերազանցի 60 դեցիբելը: Բնակելի, հասարակական նշանակության շենքերին, շինություններին հարակից բացօթյա հանրային վայրերում՝ մշակութային գործունեություն կարող է իրականացվել բնակելի, հասարակական նշանակության շենքերից, շինություններից առնվազն 10 մ հեռավորության վրա՝ ժամը 10:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում եւ մինչեւ 23.00-ն՝ բնակելի, հասարակական նշանակության շենքերից, շինություններից առնվազն 100 մ հեռավորության վրա:

Որոշումն ընդունվեց 23 կողմ, 5 դեմ եւ 17 ձեռնպահ քվեարկությամբ։

Հիշեցնենք, որ Երեւանում սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի է ունենալու աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը։ Նկատենք, որ ռեփերի երգերի տեքստերում առկա են ե՛ւ հայհոյանքներ, ե՛ւ անպարկեշտ բառեր։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Կանյե Ուեսթի համերգը Կարապի լճում 2015–ի ապրիլին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930