Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն «ահռելի քանակի» վարչական ռեսուրս է կիրառում. Հովհաննես Խուդոյան

Սեպտեմբեր 12,2023 16:48

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Մայր Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանն ահազանգում է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարչական ռեսուրսի կիրառման «ահռելի քանակի» մասին: Այսօր կայացած մամուլի ասուլիսում Հովհաննես Խուդոյանը մի քանի՝ առավել ակնառու դրվագներ առանձնացրեց. ՔՊ-ականները տարբեր անձանցից անհատական խնդիրների մասին տվյալներ են վերցնում եւ հեռախոսահամարներ՝ խոստում տալով դրանք լուծել, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն, քարոզարշավի ընթացքում մի քանի անգամ համանման կեցվածք է դրսեւորել, եղել են նաեւ դեպքեր, երբ Տիգրան Ավինյանը հայտարարել է որեւէ քաղաքացու որեւէ խնդրին արդեն լուծում տալու մասին:

Ընդդիմադիր դաշինքի շահերի ներկայացուցիչը հրապարակեց նաեւ Տիգրան Ավինյանի՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցից մի հատված, որում վերջինս ընդունում է, որ Երեւանի համայնքների ղեկավարներին ինքը հանձնարարականներ է տալիս՝ քաղաքացիների տարբեր խնդիրներ լուծելու, նրանք էլ կատարում են դրանք: Նույն հարցազրույցում Տիգրան Ավինյանը բացատրում է, որ այդ հանձնարարականները պետք է տրվեն եւ կատարվեն, որպեսզի ընտրություններից հետո համայնքների ղեկավարները, որոնք վերանշանակվելու են, շարունակեն զբաղվել քաղաքացիների հարցերով: Հովհաննես Խուդոյանը սա առնվազն ինքնախոստովանական ցուցմունք է որակում:

Ի դեպ, այդ հարցազրույցը Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի շենքում է տալիս, ինչը, փաստաբանը նույնպես վարչական ռեսուրսի կիրառում է համարում: Ավելին, նա չի զլացել եւ ուսումնասիրել է քարոզարշավի ընթացքում կառավարության կայքը, որտեղ հայտնաբերել է Տիգրան Ավինյանից բազմաթիվ նկարներ. նա, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ամենատարբեր միջոցառումներին է ներկա գտնվում, որտեղ անհասկանալի է նրա ներկայությունը եւ այդ ամենը լուսաբանվում է նաեւ կառավարության պաշտոնական կայքէջում՝ նաեւ տեսանյութերի եւ լուսանկարների տեսքով:

Իսկ վարչական ռեսուրսի ամենաակնառու կիրառումը փաստաբանը համարում է երեկ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, Հանրային հեռուստաընկերությամբ արված կոչը՝ Երեւանի ավագանու ընտրություններում Տիգրան Ավինյանին ընտրելու մասին եւ այդ տեսանյութի տեղադրումը նաեւ կառավարության յութուբյան ալիքում. տեսանյութն արդեն 16 հազարից ավելի դիտում ունի:

ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսի կիրառման մեկ այլ օրինակ էլ Հովհաննես Խուդոյանը համարում է Երեւանի ավագանու նիստերի դահլիճում գործակարգավարական նիստերի անցկացումը, դրանց ընթացքում ՔՊ-ի նախընտրական ծրագրի դրույթներից ներկայացումը եւ տարբեր հանձնարարականներ տալը: «Մայր Հայաստան» դաշինքը դիմել է քաղաքապետի պաշտոնակատարին՝ թույլատրելու համար, որ դաշինքը ևս այդ դահլիճում նիստ անցկացնի ու մերժում է ստացել՝ պատճառաբանությամբ, թե այդ դահլիճը նման միջոցառումների համար նախատեսված չէ, այլ նպատակների պետք է ծառայեցվի: Պատասխան նամակում Հովհաննես Խուդոյանն օրինակներ է մատնանշել, որ դահլիճը տրամադրվում է ՔՊ-ին՝ հենց այդ նպատակով եւ պահանջել է հավասարության սկզբունքը պահել. արձագանք չեն ստացել:

Ոչ միայն քաղաքապետարանի, այլ նաեւ տարբեր գերատեսչությունների ռեսուրսի ՔՊ-ի կողմից օգտագործումը, Հովհաննես Խուդոյանի գնահատմամբ, արդեն իսկ կասկածի տակ են դնում առաջիկա ընտրությունների արդյունքները: Նա վստահ է, որ այն մարդկանց, ում ստիպողաբար տանում են Տիգրան Ավինյանի քարոզարշավին, տանելու են նաեւ ընտրատեղամասեր եւ հորդորում է՝ տեղամասում քվեարկել խղճի մտոք, քանի որ որեւէ մեկը չի կարող վերահսկել նրանց կատարած ընտրությունը։ «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ամբողջ օրը եւ բոլոր տեղամասերում ինտենսիվորեն վերահսկելու են ընտրությունների ընթացքը՝ թույլ չտալով խախտումներ:

Ընտրախախտումների այլ օրինակների եւ դրանց իրավական հետեւանքների մասին այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930