«Այս նախագիծը ստեղծվել է մի շարք բողոքների հիման վրա։ Մանիպուլացիոն սենյակներում պացիենտները հայտնաբերել են տեսախցիկ և դրա համար դիմել են մեզ, ինչպես նաև ՄԻՊ գրասենյակ։ Արդյունքում մենք արգելող հատվածն ենք ֆիքսել, իսկ թե որտեղ կարելի է անել տեսալուսանկարահանում, սա արդեն սահմանված կարգ է, և այդ լիազորությունը տալիս ենք առողջապահության նախարարությանը»,- պատասխանելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին՝ տեսալուսանկարահանման արգելումն ինչո՞ւ չի տարածվում բժիշկների սենյակների վրա, սա արդյոք մարտահրավեր չէ՞, չէ՞ որ այդ սենյակներում նույնպես կարող են ստուգումներ կատարվել, որոնք պացիենտի համար անցանկալի են, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, օրենսդրական նախաձեռնության համահեղինակ Լուսինե Բադալյանը։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ հետաքրքրվեց՝ հակառակ կողմի տեսանկյունը քննարկե՞լ եք․ հարցը քննարկե՞լ եք բժշկական հաստատությունների հետ, թե ինչ նպատակներով են Ձեր թվարկած հիվանդասենյակներում տեղադրվում այդ սարքերը․ «Շատ դժբախտ պատահարներ տեղի են ունենում, հետո վեճերի տեղիք են տալիս, բա այդ դեպքերի համար չլինի՞ տեսանյութ, որ եթե լինի դատական քաշքշուկ, պացիենտի հարազատները համոզվեն, որ բժշկական օգնություն ցուցաբերվել է»։
Լուսինե Բադալյանն ասաց․ «Վիրահատարաններում, այնտեղ, որտեղ հետո կարող է վեճ առաջանալ, այդտեղ նախարարության սահմանված կարգով կարող են տեսախցիկներ տեղադրվել։ Իսկ մանիպուլացիոն սենյակներ մինչև մուտք գործելը կարող են տեսախցիկներ լինել, բայց ներսում մարդու անձնական տարածքն է․ մարդիկ մերկանում են, և անձը չի ուզում, որ իրեն այդ վիճակով նկարեն։ Վիճահարույց հատվածներում նախարարության թույլտվությամբ կլինեն տեսախցիկներ, որոնց նյութն էլ կառավարության սահմանված կարգով կօգտագործվի։ Հիմա չգիտենք, թե այդ նյութը հետո ինչպես է օգտագործվելու»։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հնչեցված հարցերի առիթով պարզաբանեց․ «Օրենքը սահմանում է այն արգելքները, որոնք լինելու են, և միայն այս վայրերում է, որ արգելված է լինելու տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը։ Վայրերի ընտրությունը և քննարկումները ցույց տվեցին, որ տեսալուսանկարահանման արդյունքում ստացված օգուտը՝ այն տվյալները, որոնք կարող են պացիենտների շահերի համար օգտագործվել, նվազ է անձնական և բժշկական գաղտնիք պարունակող տեղեկության հնարավոր ռիսկերի առաջացումից։ Արգելքը տարածվում է միայն միջամտության սենյակի, լաբորատոր գործիքային հետազոտությունների սենյակի, հիվանդասենյակի և հիգիենայի համար նախատեսված վայրերի վրա։ Մնացած վայրերում լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար կառավարությունը կսահմանի այն պայմանները, որոնցով բժշկական կենտրոններն իրավունք կունենան տեսալուսանկարահանել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ