Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի և երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման գործընթացները կհստակեցվեն. Դավիթ Խաչատրյան

Սեպտեմբեր 12,2023 16:23

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական նպաստների մասին» օրենքի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի եւ հրատապ օգնության վճարման հարաբերություններին առնչվող կարգավորումներն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի եւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման եւ վճարման գործընթացները հստակեցնելու եւ լավարկելու անհրաժեշտությամբ:

««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հերթական նիստի ընթացքում: Այն ներկայացրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

«Կարգավորումների համաձայն առաջարկվում է ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության դիմումի հիման վրա վճարել կանխիկ կամ անկանխիկ եղանակով ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակումով կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով անձանց, հստակեցնել երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմաններն օտարերկրյա քաղաքացի ծնողի համար եւ այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը»,- ասել է Դավիթ Խաչատրյանը:

Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է նաեւ, որ օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձի, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձի երեխայի ծննդյան միանվագ նպաստ կնշանակվի, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը: Այս դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու, նշանակելու եւ վճարելու առանձնահատկությունները սահմանելու է ՀՀ կառավարությունը: Օրենքից պետք է հանել երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելուց եւ վճարելուց հետո նշանակված նպաստը բռնագանձելու պահանջն այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխան կամ նոր ծնված երեխան նպաստ նշանակելուց հետո հայտնվում են մանկատանը՝ հաշվի առնելով, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը պարբերական բնույթ չունի, տրվում է կոնկրետ ծննդյան կապակցությամբ եւ իրավունք տվող պայմանները սահմանված են դիմելու օրվա դրությամբ:

Ըստ զեկուցողի՝ ներկայացվող նախագծով կհստակեցվեն երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու եւ խնամքի նպաստի իրավունք տվող պայմանները՝ առանձնահատկություն սահմանելով առանց ծնողական խնամքի մնացած կարգավիճակով երեխայի խնամակալի խնամքի նպաստի իրավունքի համար: Հաջորդիվ կհստակեցվեն նաեւ խնամքի նպաստ նշանակելու պայմանները՝

ա/ ծնողի եւ երեխայի՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը,

բ/ երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցը վերաբերել է երկու երեխա ունեցող երեխաների ծնողների՝ հիպոտեկային վարկով մարզերում բնակարան ձեռք բերելու ու դրա տոկոսադրույքը պետության կողմից սուբսիդավորելուն: Պատգամավորը հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է՝ պետության կողմից հիպոտեկի մարումը տարածել ոչ միայն բնակարանի, այլեւ հողատարածքի վրա, որի վրա տուն է կառուցվելու: Ի պատասխան պատգամավորի հարցի՝ փոխնախարարը նշել է, որ նշված ծրագիրը երեք բաղադրիչ ունի եւ մանրամասնել. «Առաջին բաղադրիչով պետությունը մասնակցություն է ունենում երկու երեխա ունեցող ընտանիքի՝ մարզում ձեռք բերվող կամ կառուցապատվող բնակարանի կամ բնակելի տան հիպոտեկային վարկի կանխավճարին: Եթե քաղաքացին հողի վրա բնակելի տուն է կառուցում, ապա կառուցվող տան հիպոտեկը ձեւակերպելիս կարող է դիմել Կառավարությանը: Կառավարությունը վարկը կմարի այնքան, որքան պետք է մարեր կանխավճար տալու դեպքում:

Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը փոխնախարարից հետաքրքրվել է՝ ընտանիքի հիպոտեկային վարկը պետք է ձեւակերպված լինի մինչեւ երկրորդ երեխայի ծնո՞ւնդը, որպեսզի պետությունը կանխավճարի գումարը փոխանցի: Ի պատասխան ԱԺ փոխնախագահի հարցի՝ փոխնախարարը նշել է, որ տուն ձեռք բերելու կամ կառուցապատման հիպոտեկ ձեւակերպելու ժամանակ ընտանիքում արդեն պետք է երեխա լինի, եւ պետք է ունենալ առնվազն մեկ տարի սպասարկված հիպոտեկային վարկ՝ երկրորդ երեխայի ծնվելուց առաջ:

Հարակից զեկույցով հանդես է եկել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գայանե Եղիազարյանը: Պատգամավորը հայտնել է, որ նախագիծը քննարկվել է համապատասխան հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն:

Խորհրդարանը նախորդ նստաշրջանում քննարկել էր ԱԺ «Պատիվ ունեմ» եւ ԱԺ «Հայաստան» խմբակցությունների՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում Անահիտ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու հարցը: Սեպտեմբերի 12-ին ԱԺ-ն իրականացրել է քվեարկությունը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 33-ը: Առաջադրված թեկնածուի օգտին կողմ է քվեարկել 33 պատգամավոր: Անահիտ Սարգսյանի թեկնածությունը խորհրդարանը չի հաստատել:

 ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930