Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսական կողմը արցախյան ուղղությամբ իր նպատակներին փորձում է հասնել՝ զիջումներ կատարելով թույլ կողմի հաշվին. Սերգեյ Մելքոնյան

Սեպտեմբեր 12,2023 16:15

🟦 Այսօր կայացել է «ՀՀ-ՆԱՏՕ. մարտահրավե՞ր, թե՞ հնարավորություն տարածաշրջանային անվտանգության համար» խորագրով քննարկումը։ «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի գիտաշխատող, պ․գ․թ, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը իր ելույթում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներին։

Ներկայացնում ենք հիմնական կետերը․

🗣«Այսօր տեսանք, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով ռուսական հումանիտար բեռը Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով մուտք գործեց Արցախ։ Սա կարևոր ցուցիչ է, որն անհրաժեշտ է արձանագրել։ Ստեղծվել է իրավիճակ, երբ ռուսական կողմը արցախյան ուղղությամբ իր նպատակներին փորձում է հասնել՝ զիջումներ կատարելով թույլ կողմի հաշվին։ Լաչինի միջանցքի արգելափակված լինելուն զուգահեռ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի փաստացի գործարկումը վկայում է, որ առաջին ճանապարհի բացման շուրջ հնարավոր չի եղել պայմանավորվածության հասնել, իսկ երկրորդի գործարկման հարցը Ռուսաստանը հաջողությամբ մտցրել է օրակարգ։

Այստեղ հարցը վերաբերում է տարածաշրջանում Ռուսաստանի դիրքորոշումներին ու ընկալումներին կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Կարճատև հաջողությունները թույլ կողմի հաշվին թուլացնում են արդեն երկարատև հեռանկարում հետագա ներկայության լեգիտիմությունը։ Հետևաբար, կարծելը, որ Ռուսաստանը այստեղ լուծել է ինչ-որ խնդիր՝ դրանով ևս մեկ հիմք ապահովելով տարածաշրջանում իր ներկայության համար, անշրջահայաց կլինի։

Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս պաշտոնական խոսույթում կա առնվազն 3 խնդիր․

1️⃣ Բացակայում է հստակ հաղորդակցությունը

Մինչ այս պահը ռուսական պաշտոնական դեմքերի կամ որոշում կայացնող շրջանակների կողմից որևէ հստակ ուղերձ չի եղել [Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով մուտք գործած – խմբ․] ռուսական հումանիտար բեռի մասին։ Դա ստեղծում է ոչ միայն երկակի մեկնաբանության խնդիր, այլև լայն դաշտ է ստեղծում լիովին կեղծ մեկնաբանության համար։

 2️⃣ Հնչած հայտարարությունները մեծամասամբ անհասկանալի են

«Եռակողմ հայտարարությանը տարածաշրջանում այլընտրանք չկա» «մանտրան» դժվար բացատրելի է։ Այլընտրանք չկա, բայց չգիտես ինչու՝ վերջին հիմնական պայմանավորվածությունները ձեռք են բերվում Բրյուսելում, Վաշինգտոնում և հետո միայն դրանք հանձնվում են թղթին բարձր մակարդակով նոր եռակողմ հանդիպումների ընթացքում։

 3️⃣ Լեզվակռիվներ

Երրորդ խնդիրը կարելի է ձևակերպել որպես սովորական լեզվակռիվ՝ հարաբերությունների ճշտում պաշտոնական անձանց միջև, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում են որոշումների կայացման գործընթացին։ Իսկ դրան զուգահեռ՝ կա նաև խոսույթ, որ ընդհանուր առմամբ՝ ոչ մի խնդիր չկա, դաշնակցային հարաբերությունները պահպանվում են․ այո՛, կան խնդիրներ, բայց դրանք կլուծվեն։

Կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները դարձել են ռուսական օրակարգի մի մասը։ Եթե նախկինում դրանք անգամ երկրորդական կամ երրորդային չէին, հիմա դրանք մտել են առանցքային արտաքին ուղղությունների թոփ հնգյակի մեջ»։

Հայկական ալիք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930