Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանը փոխվելու է իմ, ձեր, հայրենասերների քրտինքով եւ, եթե Փաշինյանը անմտություն անի, նաեւ արյամբ». Մամիջանյան

Սեպտեմբեր 12,2023 16:11

Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղեկություն է տարածել, որ Ակնայով Արցախ բեռնատարի տեղափոխումը եղել է ԱՄՆ-ի եւ մյուս գործընկերների հետ քննարկումների, համաձայնության արդյունքում: Այս առնչությամբ լրագրողների հետ ճեպազրույցում հարցին,թե՝ ՌԴ-ն չի՞ ներգրաված եղել, ինչո՞ւ ԱՄՆ-ն՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Աշխարհաքաղաքական դերակատարներից միայն ՌԴ-ն է, որ որեւէ բացասական արձագանք նախագահ Շահրամանյանի ընտրությանը չի արել: Այստեղից կարող ենք անել հետեւություն՝ ինչքան էլ իշխանությունները փորձեն քարոզել, տարածել, թե Արցախը չունի դաշնակիցներ, Արցախն ունի դաշնակիցներ եւ դա տեսանելի է թե՛ հրապարակային եւ թե՛ ոչ հրապարակային հայտարարություններից:

Ինչ վերաբերում է բեռին, ցանկացած գործընթաց անհրաժեշտ է դիտարկել փաթեթային ամբողջականության մեջ: Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին, մեր եղբայրներին եւ քույրերին մի որոշ ժամանակ սպասել, խոսքը ժամերի մասին է եւ վստահ եմ, որ բոլորը կհասկանան, թե ինչ գործընթաց է գնում եւ ինչ արդյունքներ գրանցեց Արցախի նորընտիր ղեկավարությունը: Արցախի իշխանությունները, ինչքան ինֆորմացիա հարմար են համարում կիսվել հանրության հետ, պիտի բավարարվենք այդքանով՝ վստահ լինելով, որ Արցախում իշխանությունը հայրենասերներինն է»:

Նա ասաց, որ Արցախում իրավիճակը այնքան օրհասական էր, որ կյանքի ու մահվան խնդիր էր ու հետո կհասկանան, թե այս լուծումն ինչին էր միտված:

Արցախի նախագահին ՀՀ իշխանության չշնորհավորելու հետ կապված Մամիջանյանն ասաց. «Նորմալ է, որ Փաշինյանն ափսոսանք հայտնեց, որ Արայիկ Հարությունյանը հեռացավ, սովորաբար հայ ազգը ինչից ուրախանում է, Փաշինյանը դրա վերաբերյալ ափսոսանք է հայտնում, այլ արձագանք չէի էլ սպասում: Նույնն էլ պարոն Շահրամանյանի դեպքում, ամբողջ հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտը, վստահ եմ, նաեւ Ղարաբաղում ցնծություն էր՝ Շահրամանյանի կոնսենսուսային ընտրությունների հետ կապված: Հայաստանի ղեկավարությունը ոգեւորված կլինի, երբ ադրբեջանա-թուրքական բանակը կտեսնի Երեւանի մատույցներում գուցե: Արցախը պիտի դիմանա, մինչեւ Երեւանը փոխի, այլ տարբերակ երկու հայկական պետությունների գոյության, իմ համեստ կարծիքով, գոյություն չունի»:

Թե Երեւանն ինչպե՞ս է փոխվելու՝ Մամիջանյանը պատասխանեց. «Երեւանը փոխվելու է իմ, ձեր, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով եւ, եթե Փաշինյանը անմտություն անի, նաեւ արյամբ: Մենք, ինչը պարտավոր են անել քաղաքական ուժերը, վստահեցնում եմ, որ անում ենք ու կանենք: Վստահ եմ, որ մեր կողքին կկանգնեն մեր հայրենասեր եղբայրները եւ քույրերը»:

Լրագրողները ճշտեցին ՝բռնության կոչ չէ՞ դա՝ նա պատասխանեց, որ եթե Փաշինյանը անցյալ տարվա հունիսի պես խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառի հատուկ միջոցներ, կրակ բացի, այդ դեպքում մեկնաբանությունը թողնում է մեզ. «Ես վստահ եմ, որ հայրենիքի գոյությունը, հայրենիքի ապագան արժանի է ցանկացած զոհողության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930