Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ձեր հանրահավաքը պրծավ, պիտի քանդեիք պուրակը, որ մյուս քաղաքական ուժերը չանեն։ Ինչո՞ւ նախընտրական շրջանում արեցիք։ Նախընտրական փուլ է, պետք է ձեզ ցույց տաք»․ Անի Խաչատրյան

Սեպտեմբեր 12,2023 15:15

Մշակութային գործունեության իրականացման նպատակով Երեւան քաղաքի հանրային բացօթյա վայրերի՝ փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն, օգտագործման պայմանների, պահանջների եւ սահմանափակումների հետ կապված հարաբերությունները կարգավորող որոշման նախագծի զեկուցման ժամանակ Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը հետաքրքրվեց՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ ընդհանրապես պուրակ կամ այգի կա՞։

«Որ հարցի շուրջ փորձեցի խոսել, ասացին՝ էս այգին չգիտեմ ումն է, էն մյուսը՝ նրանն է։ Բոլորը տրվել են վարձակալության։ Մտնում ես օղակաձեւ այգի, ուզում ես փախնել այնպիսի հակահիգիենիկ վիճակ է շատրվաների մոտ։ Հարցնում ես, ասում են՝ մասնավորինն է։ Առհասարակ, մենք այդ այգիների նկատմամբ իրավունք ունե՞նք, որ մի հատ էլ այս նախագիծն էլ՝ սահմանափակումներ դնելու մասին բերել եք։ Մեր առաջ են դնում սահմանափակումներ, որովհետեւ այգիները հարյուր տարով նվիրած են»,-հետաքրքրվեց Անի Խաչատրյանը։ Ի պատասխան նրա հարցի, հստակեցվեց՝ բոլոր դեպքերում թույլտվությունը տալիս է քաղաքապետարանը։

Քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանն էլ փորձեց հակադարձել Խաչատրյանին, առաջարկեց վերհիշել քաղաքային իշխանության աշխատանքները։ Նա օրինակ բերեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի այգու վերակառուցման աշխատանքները, նշելով՝ այգին նոր ծնունդ է ապրել, նոր շատրվաններ են տեղադրվել։ Հովհաննիսյանն ասաց, որ կան այգիներ, որոնք տրված չեն վարձակալության, կան, որ վերադարձնում են, ապա Խաչատրյանին առաջարկեց՝ եթե կան վարձակալության տրված այգիներ, որոնց կառավարման որակը խնդրահարույց է, բարձրաձայնեք, միասին քննարկենք։

«Ես դեմ եմ, որ դուք ինչ-որ բաներ ցույց տալու համար, նորմալ վիճակում, նույնիսկ լավ վիճակում այգիները քանդում եք, չգիտեմ ՝ այդտեղ ֆինանսական շահ կա, թե ձեւական շահ կա․․․ հենց հիմա քանդել եք Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների ամբողջ այգին, որը բացարձակ քանդելու կարիք ու հրատապություն չուներ։ Քանդել ու նորից անել․․․ այդ վարչական շրջանում տասնյակ այգիներ կան, որոնք քանդել նորից վերակառուցելու կարիք ունեն։ Այնպես որ, սարքածը մի քանդեք, շատ էլ, որ նախընտրական փուլ է, պետք է ձեզ ցույց տաք»,-ասաց Խաչատրյանը։

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Պետրոս Սարգսյանը պարզաբանեց․ «Ազատամարտիկների այգում ընդամենը տոմետի շարունակությունն է իրականացվում։ Մի հատվածն անցած տարի է արվել, մյուս հատվածը հիմա է արվում»։

Անի Խաչատրյանն էլ արձագանքեց․ «Ձեր հանրահավաքը պրծավ, պիտի քանդեիք, որ մյուս քաղաքական ուժերը չանեն։ Ինչո՞ւ նախընտրական փուլում արեցիք, Ազատամարտիկների փողոցը․․․ բա դրանից առաջ հինգ տարի վարչական շրջանի ղեկավար էիք, անեիք, քարոզարշավից առաջ էն հայտնի քսան տարվա ձեւերով՝ ասֆալտ ենք փռում՝ մարդկանց աչքերը փակելու համար»։

«Ըստ ձեզ, նախընտրական փուլից ինչքան ժամանակ առաջ է պետք է այդ գործը չանել, որ մանիպուլյացիա չլինի»,-ասաց քաղաքապետի պաշտոնակատարը։

«ՔՊ-ն հանրահավաքի հաջորդ օրը քանդեց այգին։ Վերջ»,-հակադարձեց Խաչատրյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930