Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ո՞վ է կանգնած «Մայր Հայաստան» դաշինքի թիկունքին». Ռուբեն Հակոբյանը ուշագրավ մանրամասներ ներկայացրեց

Սեպտեմբեր 12,2023 15:00

«Ընկալումը տեղի է ունեցել, քաղաքացին սկսել է հավատալ մեզ, մեր վարկանիշը քարոզարշավի ընթացքում բարձրացել է։ Վարկանիշի բարձրացումը ցույց են տալիս նաեւ սոցիոլոգիական հարցումները, որոնք անցկացվել են այս ընթացքում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում այս փաստագրումն արեց սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Ռուբեն Հակոբյանը։

Բանախոսի դիտարկմամբ՝ Երեւանը դարձել է քաղաք-պետություն եւ այդ համատեքստում Երեւանի ավագանու ընտրությունները ձեռք են բերում համապետական նշանակություն, ինչն էլ հիմնական պատճառն է, որ դաշինքը մասնակցում է այս ընտրություններին՝ հուսով, որ հաջողելու են ընտրական այս գործընթացը վերածել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հեռացնելու հարթակի։

Ավագանու ընտրություններում Ռուբեն Հակոբյանը «Մայր Հայաստանի» հիմնական մրցակիցն է համարում իշխանական թեկնածուին եւ կարծում է, որ իշխանությունն այս ընտրություններում եթե կարողանալու է հաջողություն գրանցել, ապա դա լինելու է բացառապես վարչական ռեսուրսի կիրառման հաշվին։ Այս առումով, ի դեպ, նախկինում բոլոր իշխանությունների օգտագործած մեխանիզմները Ռուբեն Հակոբյանը ներկայումս կիրառվող մեխանիզմների համեմատությամբ «պիոներություն» է համարում. նա որեւէ կերպ չի կարողանում ընկալել օրերս տարածված հայտնի տեսանյութում ամրագրված այն փաստը, որ Տիգրան Ավինյանի քարոզարշավին մասնակից 800 մարդկանցից 780-ը պարտադրանքով էին բերվել եւ նրանք Երեւանում գործող տարբեր հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցներ են։

Ամփոփելով նախընտրական քարոզարշավը, ընդդիմադիր դաշինքի նախընտրական շտաբի պետը հայտարարում է՝ իրենք Երեւանի զարգացման պրոֆեսիոնալ ծրագիր ունեն, որը ներառում է մայրաքաղաքային կյանքի բոլոր ոլորտները, բայց դա առանձնապես չեն ներկայացնում, քանի որ համոզված է՝ այդ ծրագրի որեւէ դրույթ չի կարող իրականանալ, քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են եւ շարունակում են դեպի անդունդը գլորել հայկական պետություններն ու պետականությունը։

Այս ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի մասին բոլոր հարցադրումներին Ռուբեն Հակոբյանի պատասխանը մեկն է՝ «Մայր Հայաստան» դաշինքը միակն է, որին սատարում են հայտնել հասարակության տարբեր շերտեր։ Ռուբեն Հակոբյանն առավելապես տպավորված է ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի այսօր տարածած հայտարարությունից, որում, իր գնահատմամբ՝ պարզ եւ մատչելի հիմնավորված են, թե ինչու պետք է այս ընտրություններում հանրությունը վստահի «Մայր Հայաստան» դաշինքին։

Ո՞վ է կանգնած «Մայր Հայաստան» դաշինքի թիկունքին. Արդեն տեւական ժամանակ շրջանառվող այդ հարցին ի պատասխան էլ Ռուբեն Հակոբյանը պատմեց մինչ դաշինքի նախընտրական շտաբի պետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկն ընդունելը իր եւ Անդրանիկ Թեւանյանի զրույցից մի հատված. «Ես իրեն հարցրեցի, թե հնարավո՞ր է, որ դաշինքի քաղխորհուրդը որոշում կայացնի եւ այն ինչ-որ տեղից չեղարկվի։ Պատասխանը միանշանակ էր՝ ոչ։ Դա փորձված է արդեն»։

Ռուբեն Հակոբյանը եւ իր թիմակիցները հավատում են՝ «Մայր Հայաստան» դաշինքը լուրջ քաղաքական կենսագրություն է ունենալու։

Ի դեպ, Հայաստանում գործող վարչախմբից ազատվելու համար ցանկացած միջոց Ռուբեն Հակոբյանը սահմանադրական է համարում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930