Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայաստանն այսօր ունի մեկ խնդիր՝ կանխել ցեղասպանությունն Արցախում եւ փրկել Հայաստանի ինքնիշխանությունը». Նարինե Դիլբարյան

Սեպտեմբեր 12,2023 14:30

«Արցախից եկող սարսափելի լուրերն իրականություն են, եւ այդ իրականությունը մենք հանդուրժելու բարոյական իրավունք չունենք ոչ պատմության առջեւ, ոչ ինքներս մեր խղճի, ես կարծում եմ, որ բոլորը պետք է խոսեն դրա մասին»,- «Հայելի» ակումբում ասաց լեզվաբան, հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը՝ ընդգծելով, որ Արցախում արդեն սպառվել են անգամ հացի պաշարները:

«Երեկ վարչապետը մի տարօրինակ պնդում կատարեց, թե եկեք հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնենք: Դրանով նա փորձում էր ցույց տալ, որ անհանգստացած է, միջոցներ է ձեռնարկում, բայց իրականում դա նշանակում էր, որ Հայաստանում կամ չեն ցանկանում գործող իշխանությանը, կամ նա ունի ծրագիր բացարձակապես ոչինչ չանելու:

Եթե մենք այդ երեւույթը չքաղաքականացնենք եւ անընդհատ դրա մասին չխոսենք, ու հանրության որոշ հատվածի հուսառատ տրամադրությունները, թե Արցախն ամուր է, կդիմակայի, չհերքենք, դրանով ավելի բարդացնելու ենք իրավիճակը և, ըստ էության, դառնալու ենք Արցախում ցեղասպանության պատասխանատուները»,-ասաց նա:

Նարինե Դիլբարյանի խոսքով. «Եթե այսօր ՀՀ քաղաքացիները եւ քաղաքական ուժերը ոչինչ չեն ձեռնարկում, չեն քաղաքականացնում Արցախում հումանիտար ճգնաժամը, որն իրականում ոչ թե հումանիտար ճգնաժամ, այլ դասական ցեղասպանություն է՝ նպաստում են Արցախում ցեղասպանությանը»:

Նա փաստում է, որ մինչ միջազգային հանրությունը, առանձին գործիչներ ու կառույցներ դրսում փորձում են ցույց տալ, որ ցեղասպանի դեմ պետք է պայքարել միայն քաղաքական փաթեթով՝ պատժամիջոցներ եւ այլնով, Հայաստանի բարձրագույն իշխանությունը խոսում է այն մասին, որ չպետք է ոչինչ քաղաքականացնել:

«Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ճակատագիրը խեղեցին «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «խնդրում եմ չքաղաքականացնել» ձեւակերպումները… Հիշում եք՝ իշխող ուժի թեկնածու Տիգրան Ավինյանն էլ չէր պատասխանում Արցախին վերաբերող հարցերին եւ անգամ հոխորտում էր, թե սա քաղաքապետի, իբր թե աղբահանության, կանաչապատման եւ իրականում կեղծիքների վերաբերվող ընտրություն է:

Պետք է նշել, որ Հայաստանն այսօր ունի մեկ քաղաքական խնդիր՝ կանխել ցեղասպանությունը Արցախի Հանրապետությունում եւ փրկել Հայաստանի ինքնիշխանությունն ու Հայաստանի Սահմանադրությունը: Մինչեւ այդ օրակարգը մենք չձեւակերպենք, մնացած բոլոր օրակարգերը մեզ հեռացնելու են իրականությունից եւ տանելու են դեպի բացարձակ կործանում»,-ընդգծեց Դիլբարյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930