Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի օր էլ ասելու են՝ մտցնենք աներ-զոքանչին էլ, որ այդ տարիքով մարդիկ ծանր իրերը չտեղափոխեն»․ Գեղամ Նազարյանը՝ պաշտոնատար անձանց ընտանիքների՝ օդանավակայանում առանձնացված սրահով անցնելու առաջարկի մասին

Սեպտեմբեր 12,2023 14:21

ՀՀ ԱԺ նիստի ընթացքում ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը ներկայացրեց օրենքի նախագիծը՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.9-րդ հոդվածը լրացնել 4-րդ եւ 5-րդ մասերով՝ սահմանելով, որ Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների եւ օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգը կսահմանվի ՀՀ վարչապետի որոշմամբ:

Նա մասնավորապես հայտարարեց․ «Այս կատարվելիք փոփոխությունը պայմանավորված է Հայաստանի անցմամբ նախագահական կառավարման համակարգից դեպի խորհրդարանական։ Եվ մենք լրացնում ենք այն որոշումների շղթան, որոնք կայացվել են դեռ 2018-ի մարտին ու ապրիլին։ Նախկինում կարգավորվել է նախագահի կարգադրությամբ, որով այդ բոլոր պաշտոնատար անձանց, դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց ժամանումն ու մեկնումը կարգավորվել է նախագահի կարգադրությամբ, իսկ խորհրդարանական համակարգի դեպքում նախագահի կարգադրությունը ճանաչվել է ուժը կորցրած»։

Դրա փոխարեն 2018-ին այն օրենքում, որում փոփոխություն է կատարվելու, հայտնվել է նոր հոդված, որում բավականին հարաբերություններ կարգավորված են․ «Հոդվածը կոչվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը օդանավակայաններում։ Դրանով նախատեսված է՝ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, պաշտոնաթող հանրապետության նախագահը, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել ՀՀ օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից։ Կարող են նաև օգտվել ՀՀ նախագահը և վարչապետի պաշտոնական հրավերով ժամանած պատվիրակության անդամները։ Առանձին դեպքերում կարող են օգտվել այլ անձինք վարչապետի որոշմամբ՝ սահմանված կարգով։ Սա դուրս է թողնում ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող այլ պաշտոնատար անձանց կայուն կարգավորումը, բաց է թողնում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների և նրանց ընտանիքների հարցը։ Ուստի մենք համալրում ենք գոյություն ունեցող հոդվածը երկու նոր նախադասությամբ։ Այն է՝ ՀՀ օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, ՀՀ պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, այդ սրահից օգտվող պաշտոնական պատվիրակությունների և ՀՀ պաշտոնատար անձանց ցանկը սահմանվում է ՀՀ վարչապետի որոշմամբ։ ՀՀ օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված՝ կարող են օգտվել նաև պաշտոնատար անձանց ընտանիքների անդամները»։

Այս փոփոխության առաջարկը դուր չեկավ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին։ Նա հարցրեց՝ ի՞նչ կարիք կա, որ պաշտոնյան ինչ-որ տեղ մեկնելուց, երբ ընտանիքի հետ է, անպայման ընտանիքի անդամներն էլ իր հետ այդ սրահով գնան․ «Ինչո՞ւ հակառակը չի կարող լիներ, պաշտոնյան չգնա սովորական սրահով, միաժամանակ շփվելով ընտրողների հետ։ Դա ավելի ճիշտ կլինի։ Երբ պաշտոնական պատվիրակություններն են մեկնում, դա հասկանալի, տրամաբանական է, թե ինչու այդ սրահով կարելի է անցնել՝ ընթացքում քննարկելով հարցեր։ Բայց պաշտոնյայի դեպքում սրանով պաշտոնյա-ժողովուրդ ջրբաժանն ավելի ենք խորացնում։ Առաջարկում եմ մտածել։ Երբ իրերի՝ ծանր լինելու հարց են քննարկում՝ իմ տված հարցը՝ արդյոք աներ-զոքանչ և մնացածը մտնում են նույն տրամաբանությամբ, երբ իրերի հարց կա։ Մյուս օրն էլ նախաձեռնությամբ են գալու, ասեն՝ մտցնենք աներ-զոքանչին էլ, որ այդ տարիքով մարդիկ ծանր իրերը չտեղափոխեն»։

The first sitting of the 6th session of the 8th convocation of the National Assembly took place at the RA NA

Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Խոսքը ընտանիքի անդամների մասին էր՝ կին, երեխաներ։ Ում-ում, բայց մեր իշխանությունն այդ անջրպետը չունի։ Ես անձնական ճամփորդությունների ժամանակ մեծ մասամբ ճամփորդում եմ էկոնոմ կլասով՝ այդ ամենի միջով անցնելով։ Երբ դու պաշտոնյա ես, փոքր-ինչ հայտնի ես, մարդիկ մոտենում են, հարցեր տալիս․ դա դառնում է քաղաքացիների ընդունելություն օդանավակայանում»։

Մարիա Կարապետյանն էլ նշեց, որ սա պաշտոնյայի անձնական ընտրության հարց է, եթե ցանկանում են գնալ ընդհանուր սրահով, ապա ազատ է դա անել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930