«Անկախ ամեն ինչից, մեր երկրի ղեկավարները պետք է շնորհավորեին Արցախի Հանրապետության նախագահին: Չշնորհավորելու արդյունքը ոչ թե իրավիճակն է, այլ այն վախերը, որոնք գոյություն ունեն: Վախենում են իրենց միջազգային այն պայմանավորվածությունից, որոնք ձեռք են բերել Ադրբեջանի հետ: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով՝ իրենք նաեւ Արցախն են ճանաչում Ադրբեջանի կազմում: Համարձակ ղեկավարները կշնորհավորեին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա, Ակնայով Արցախ մտած մեքենան հնարավորություն է տալու նվազեցնել Արցախում հումանիտար ճգնաժամի ազդեցությունը՝ մանավանդ, որ այդ մեքենայի շարժը, հնարավորություն է տալու, ըստ պայմանավորվածության, Լաչինի միջանցքը բացել. «Լաչինի նոր ճանապարհը, որը կառուցվել է, միջանցք չէ, ՀՀ իշխանությունները ի՞նչ են մտածում դրա մասին, որովհետեւ միջանցքը իր մեջ ենթադրում է ենթակառուցվածքներ՝ գազատար, էլեկտրականության մալուխներ, կապ: Այնուամենայնիվ, այդ ճանապարհը պետք է բացվի եւ ամեն ինչ պետք է արվի միջազգային հարթակներում՝ պարտադրելու, որ այս միջանցքը բացվի: Երբ ռուսական մեքենան է անցել Ակնայով, այդ հարցը կարելի է դնել ՌԴ իշխանությունների առջեւ, որպեսզի իրենք էլ գործնական հստակ քայլեր անեն՝ Ադրբեջանին պարտադրելու միջանցքը բացել: Մենք պետք է ֆիքսենք, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, Արցախը պետք է ինքնուրույն, ազատ գործոն դառնա, որպեսզի կարողանա միջազգային հարաբերություններում իր շահերը թելադրել Ադրբեջանին»:
Սեյրան Օհանյանը նշեց, որ երբ Արցախի ղեկավարությունն ու ժողովուրդը նույն կյանքով են ապրում, դա պարարտ հող կստեղծի, որ պայքարի ոգին ավելի բարձր հիմքերի վրա լինի. «Արցախը միշտ եղել է գործոն, ինքնորոշվել է՝ որպես հանրապետություն, տարածաշրջանի պետությունների համար շատ հարցերում օրինակելի է եղել՝ իր կազմակերպվածությամբ, նվիրվածությամբ, ՀՀ-ի հետ անվտանգային ինտեգրված կուռ համակարգով: Որքան էլ ասենք, որ Արցախը չի մասնակցել բանակցություններին, բայց չի եղել որեւէ այց տարածաշրջան, Մինսկի խմբի համանախագահության, որոնք չայցելեն Արցախ, կամ այստեղ հանդիպումներ չունենային: Արցախը պետք է շարունակի գործոն լինել: Երբ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են, Արցախի ղեկավարությունը, Արցախի ժողովուրդը պետք է անպայման իր բռունցքը խփի սեղանին եւ իր շահերն առաջ տանի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ