Հայաստանի ղեկավարությունը փաստացի ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում ընթացող 7-րդ Արևելյան տնտեսական ֆորումում իր ելույթում:
«Խնդիրը ոչ միայն վերջին հակամարտության արդյունքներն են, այլև այն, որ Հայաստանի ղեկավարությունն, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ Պրահայի հայտարարությամբ Հայաստանը դա արձանագրել է թղթի վրա:
«Հիմա ինձ նախագահ Ալիևն ասում է. «Դուք գիտեք, որ Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղը մերն է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարց այլևս չկա, այն լուծված է»: Հայաստանի ղեկավարությունն էլ այդ մասին հրապարակային հայտարարել է՝ մինչև 1991թ. եղած ամբողջ տարածքը ճանաչելով Ադրբեջանական ԽՍՀ մաս, և նշելով թիվ, որի մեջ մտնում է նաև բուն Ղարաբաղի տարածքը»,- ասել է Պուտինը:
Կարդացեք նաև
Նա ընդգծել է, որ դա եղել է ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի ղեկավարության որոշումը:
«Իսկ եթե այդպես է, մեզ ասում են, որ եթե դուք ուզում եք Ղարաբաղի հարցով ինչ-որ բան անել, ապա բոլոր հարցերը մեզ հետ պետք է որոշվեն երկկողմ կարգով: Իսկ ի՞նչ մենք ունենք ասելու այստեղ: Այստեղ ասելու բան էլ չկա, եթե ինքը՝ Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է»,- ասել է Պուտինը:
Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանը շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ անցկացնել:
«Այստեղ առաջ են գալիս հարցեր, որոնք ունեն հումանիտար բաղադրիչներ: Նաև մեր խաղաղապահների մանդատի հետ. դա ճիշտ է: Մանդատը դեռ գործում է: Իսկ հումանիտար բնույթի հարցերը, այնտեղ որևէ էթնիկ զտում թույլ չտալը, ոչ մի տեղ չեն անհետացել: Ես դրա հետ լիարժեք համաձայն եմ: Հույս ունեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես որ ասել են մեզ, և մինչ այժմ ասում են, շահագրգռված չէ որևէ տեսակի էթնիկ զտումներում»,- ասել է Պուտինը՝ խոսելով Արցախում իրավիճակի մասին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ