Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը դժգոհեց Հանրային հեռուստաընկերությունից, նկատելով՝ 14 թեկնածու քաղուժերից միայն ՔՊ-ի ղեկավար Փաշինյանին են հրավիրել եթեր, որտեղ նա իր թիմի քարոզն էր անում
«Քանի որ մեր նիստը վարողները, աշխատակազմն այս հինգ տարիներին չեն սովորել նիստ վարելու ձեւը, ստիպված եմ այս օրակարգային հարցի ընթացքում խոսել այլ թեմայով»,-Երեւանի ավագանու այսօրվա նիստում (այս կազմով վերջին նիստն է) իր ելույթն այսպես սկսեց «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը։
Քննարկվում էր նկարիչ-քանդակագործ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի հեղինակած «Որս» քանդակը Երեւանի Թումանյանի անվան այգում տեղադրելու մասին հարցը։
Խաչատրյանն ավագանու նիստում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության օգտին քարոզչական ելույթ ունեցավ։
Կարդացեք նաև
«Սիրելի երեւանցիներ, ստիպված եմ այս հարթակից խոսել ձեզ հետ, քանի որ այսօր, երեկ, դրանից առաջ բոլոր իշխանությունները սեփական գրպանի համար են օգտագործել Հանրային հեռուստաընկերությունը եւ Հանրային հեռուստաընկերության եթերում միայն իրենք են, ինչպես տեսանք երեկ, որ ամբողջ քարոզարշավին ներկայացված 14 քաղաքական ուժերից միայն մեկի (նկատի ունի ՔՊ-ի ղեկավար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ն․Բ․) ղեկավարը հնարավորություն ունեցավ 59 րոպե խոսել եւ քարոզել իր սեփական թիմին։ Սա ԿԸՀ-ն պետք է հաշվի առնի եւ այսօրվանից մինչեւ քարոզարշավի լռության օրը Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է 14 քաղուժերի, կուսակցությունների ղեկավարներին հրավիրել եւ տալ 59 րոպե 40 վայրկյան ժամանակ խոսելու եթերում եւ անել քարոզչություն»,-ասաց Անի Խաչատրյանը։
Նա նկատեց, որ շատերն իրեն կապում են տարբեր քաղաքական ուժերի հետ։ Խաչատրյանը նշեց, որ ինքը «Հանրապետություն» կուսակցության անդամ է դրա ստեղծման օրվանից։
Նրա խոսքով․ «Այն քաղաքական ուժերը, այն վարձու կուսակցությունները, ովքեր ձեզ կասեն, որ Երեւանի ավագանու ընտրությունները կոմունալի պետի ընտրություններ են, չհավատաք։ Դուք ընտրելու եք քաղաքական ուժ, դուք անելու եք քաղաքական ընտրություն, քաղաքական թիմ եք ընտրելու։ Այն մարդիկ, այն քաղաքական ուժերը, ովքեր ապառիկով կուսակցություններ են վերցրել, իրենց կնքել առաջին համար, նույնիսկ կուսակցությունների անունները չգիտեն, այն քաղաքական ուժերը, որոնք Արցախի պատերազմից, Հայաստանի Հանրապետության համար ամենածանր ժամանակահատվածում տեսակետ չեն հայտնել, այն մարդիկ, որոնք հանուն Հայաստանի Հանրապետության չեն եղել, այլ ընդդեմ են եղել, այդ մարդիկ չեն կարող քաղաքական որեւէ ամբիոն զբաղեցնել։ Սա քաղաքական ընտրություն է»։
Խաչատրյանը՝ դիմելով երեւանցիներին, ասաց, որ ավագանու այս ընտրություններով քաղաքացիներն անելու են նաեւ աշխարհաքաղաքական ընտրություն․ «Դուք ընտրելու կամ քաղաքակիրթ երկիր նավարկող նավ կամ նավարկող այն հայտնի զինվորական նավի ուղղությամբ, որը ձեզ կտանի հայտնի նավի ուղղությամբ։ Սեպտեմբերի 17-ին դուք Երեւանում ընտրություն եք անելու, որն Արցախի Հանրապետության հայելին է լինելու եւ այդ հայելու մեջ արտացոլվող մարդը պետք է ունենա այնքան անբիծ կենսագրություն, ինչպիսին օրինակ «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի կենսագրությունն է։ Գնացե՛ք, վերցրե՛ք համար 9-ը քվեաթերթիկը։ Քաղաքական խարդախներին մոռացեք»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ