Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնասիրվել է ՌԴ-ից ոսկյա ձուլակտորներ ներմուծելու վերաբերյալ 4 վարույթ. վերականգնվել է պետությանը պատճառված 151 մլն դրամի վնասը

Սեպտեմբեր 12,2023 13:16
datakhazutyun

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ոսկյա ձուլակտորներ ներմուծելու վերաբերյալ չորս վարույթ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, «Զվարթնոց» օդանավակայանում զննման են ենթարկվել Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած քաղաքացիների ուղեբեռները:

Զննման արդյունքում հայտնաբերվել են Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակնհայտ առևտրային չափաքանակի, գործարանային արտադրության ոսկյա ձուլակտորներ, որոնց չափը գերազանցել է Կառավարության որոշմամբ հաստատված ոչ առևտրային չափաքանակը՝ 10 կիլոգրամը. կազմվել են մաքսանենգության դեպքերի վերաբերյալ արձանագրություններ:

2022 թվականի հոկտեմբերի 27-ին 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին մասով (մշակութային արժեքների և ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգություն, որը կատարվել է սահմանված կարգով չհայտարարագրելու միջոցով):

2023 թվականի մայիսի 29-ին մեղադրյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (ռեաբիլիտացնող) հիմքով, այն է՝ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը (ԵԱՏՄ շրջանակներում մաքսային հսկողության և մաքսային հայտարարագրման գործընթաց առհասարակ նախատեսված չէ):

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից կիրառվել են դատախազական ներգործության միջոցներ, որոնց արդյունքում 7 անձանց մեղադրանքը փոփոխվել է, նրանց արարքը որակվել է Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով (hարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը):

Արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 151 մլն 713 հազար 273 դրամի վնասը, իսկ վերոնշյալ անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա (եթե անձն ամբողջությամբ վճարել է չվճարված հարկերը, տուրքերը կամ այլ վճարները և դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը, ազատվում է քրեական պատասխանատվությունից), կայացվել են քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ, այդ թվում՝ ոչ ռեաբիլիտացիոն հիմքով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930