Լրահոս
Զինղեկ Հարութը
Օրվա լրահոսը

«Կա՞ արդյոք որևէ չափորոշիչ, թե ինչու, ի՞նչ տրամաբանությամբ են տուգանքներն ավելացվում․ ձեր փաթեթով 3 անգամ, մեկ այլով 10 անգամ է ավելացվում»․ Արթուր Խաչատրյան

Սեպտեմբեր 12,2023 12:37

«Որևէ չափորոշիչ, մոտեցում կա՞, թե տուգանքներն ինչքանով ավելացնենք։ Ձեզ մոտ երեք անգամ էր։ Երեկ օրենքի նախագիծ էին բերել, որտեղ 10 անգամ են մեծացնում տուգանքի չափը։ Կա՞ արդյոք որևէ չափորոշիչ, թե ինչո՞ւ, ի՞նչ տրամաբանությամբ են տուգանքների չափերը մեծացնում, թե՞ եղանակից է կախված»,- ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հարցրեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է եռապատկել այն իրավախախտումները, որոնք կապված են ճանապարհների վնասման հետ։ Նախարարի տեղակալը նաև նշեց, որ քրեական օրենսգրքում փոփոխությունների նպատակն է կանխել նոր իրավախախտումները, բարձրացնել հանրության պատասխանատվությունը ճանապարհների օգտագործման, պահպանման վերաբերյալ, ինչպես նաև փոխել հանրության վարքագիծը։

Պատասխանելով հարցին՝ Քրիստինե Ղալեչյանն ասաց․ «Մեր առաջարկած փաթեթի հիմքում որոշակիորեն փորձել ենք գնահատել իրավախախտման հանրային վտանգավորության աստիճանը։ Այնպիսի իրավիճակներ, որոնք ճանապարհային երթևեկության առումով ռիսկեր են ձևավորում, ավելի մեծ շրջանակ ունեն։ Ուսումնասիրել ենք միջազգային փորձը, նույնիսկ համեմատել ենք Վրաստանի հետ, և մեր առաջարկած պատասխանատվության չափը համահունչ էր արդեն իրենց մոտ կիրառվող պատասխանատվության չափերին։ Իսկ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում ավելի բարձր ու խիստ են»։

Արթուր Խաչատրյանը նաև նկատեց՝ հաճախ տեսնում ենք՝ մասնավոր շինարարություն է իրականացվում, շինարարության իրականացման համար փողոցի մի մասը զավթվում է։ Հարցին՝ ձեր ներկայացրած փաթեթն արդյոք այս դեպքերի դեմ որոշակի միջոցներ ձեռնարկո՞ւմ է։ Քրիստինե Ղալեչյանը պատասխանեց․ «Նախագծով պետք է սահմանվեն շինհրապարակի անվտանգության պահանջները, որոնց նկատմամբ հսկողություն է լինում, պետք է պահպանվեն երթևեկության համապատասխան լուծումների տրմամբ, անվտանգության հիմնական միջոցառումով, որոնք այս նախագծի տիրույթից դուրս են»։

Քրիստինե Ղալեչյանն ասաց, որ վերջին երկու ամսվա ընթացքում միայն միջպետական ճանապարհներից շուրջ 85 ճանապարհային նշան է գողացվել, 86 գծամետր արգելափակոց է վնասվել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930