«Հետք». Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Ցիրունյանը թերի են լրացրել իրենց հայտարարագիրը։
Հակոբ Արշակյանը 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր է ներկայացրել 2023-ի մայիսի 11-ին։ Նա իր հայտարարագրում չի նշել, որ 2016-ի հուլիսի 11-ից «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի ղեկավարն է։ Այս տեղեկությունը իր նախորդ հայտարարագրերում նույնպես բացակայում է։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների՝ այս ՀԿ-ն գրանցված է Հակոբ Արշակյանի բնակության հասցեով։
Օրենքի համաձայն, Հակոբ Արշակյանը՝ որպես ԱԺ նախագահի տեղակալ, չի կարող զբաղեցնել «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի նախագահի պաշտոնը։
Հակոբ Արշակյանին հարցմամբ խնդրեցինք մեկնաբանել, թե ինչու չի հայտարարագրել «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի նախագահի պաշտոնը։
Կարդացեք նաև
««Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի մասին իմ հայտարարագրում տեղեկության բացակայությունը կրում է բացառապես տեխնիկական բնույթ։ Հանդիսանալով ՀԿ նախագահ, կազմակերպությունից երբևէ եկամուտ չեմ ստացել, ավելին, ստեղծված օրվանից մինչ օրս այն գործունեություն չի ծավալել։ Այս մասին կնշվի հաջորդ՝ 2023թ․ հայտարարագրում»,- պատասխանեց Հակոբ Արշակյանը։
Հակոբ Արշակյանի այն պնդումը, թե կազմակերպությունը ստեղծման օրվանից մինչ օրս գործունեությունը չի ծավալել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ, ըստ Վանաձոր և Գյումրի քաղաքների 2016 թվականի ավագանու ընտրությունների վերջնական զեկույցի, «Ռեալ էլեքշնս» կազմակերպության դիտորդները ներկա են եղել ընտրական տեղամասերում։
Հայկ Ցիրունյանը իր կարիերան՝ որպես քաղաքական գործիչ, սկսել է 2018 թվականին։
Երկրորդ անգամ պատգամավոր է ընտրվել 2021-ի հունիսի 20-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։
2023-ի մայիսի 29-ին Հայկ Ցիրունյանը 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրն է ներկայացրել՝ նշելով գույքը, եկամուտները, ծախսերը, բայց ոչ՝ շահերը։ Այսպես՝ հայտարարագրում չի նշել, որ «Մատտերսոն հոմ» ՍՊԸ-ի 50% բաժնետոմսերը պատկանում են իրեն։ Ընկերության մյուս 50% բաժնետոմսերը պատկանում են Արշակ Ասլանյանին՝ Էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալին։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2018-ի դեկտեմբերին, այժմ, ըստ ՊԵԿ հարկ վճարողների փնտրման համակարգում առկա տվյալների, ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, բայց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեզ տեղեկացրեցին, որ պաշտոնյան այս դեպքում նույնպես պետք է հայտարարագրի իր ներկայացվածությունը առևտրային ընկերություններում։ Այսպիսով, ընկերության գործունեության ժամանակավորապես դադարեցումը պատճառ չէ իր բաժնեմասը չհայտարարագրելու։
Արեն ՆԱԶԱՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: