Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ շինարարություն, կանաչ, խելացի եւ փողոցներում չթքող Երեւան

Սեպտեմբեր 12,2023 11:01

Aravot.am-ը փորձել է պարզել, թե կրթության եւ մշակույթի ոլորտների վերաբերյալ ինչ խոստումներ են տալիս Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն իրենց ծրագրերում: Դիտարկել ենք, այն կուսակցությունների ծրագրերը, որոնք տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:Որոշ կուսակցությունների ծրագրեր բացակայում են կայքից, կամ դրանցում կրթությանն ու մշակույթին անդրադարձ չկա:

«Հանրային ձայնը» խոստանում է պատմամշակութային հաստատությունների ինվենտարիզացիա եւ գույքի վերահսկում, մշակութային հաստատությունների վիճակի բարելավում, ակտիվ երկխոսություն և համագործակցություն տարբեր երկրների կրթական և մշակութային ոլորտներում, ներդրումային ծրագրերի ակտիվացում հատկապես Սփյուռքից, ինչպես նաև փորձի փոխանակում ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերից, այլ նաև սփյուռքից;

Ի թիվ այլնի, «Հանրային ձայնը» խոստանում է մշակութային միջոցառումների մասին իրազեկում հեռախոսային հավելվածների կիրառմամբ, աշակերտների համար պարտադիր այցելություն մշակույթային օջախներ (պետական միջոցներով), դպրոցներում մարզադահլիճների վերանորոգում եւ տեխնիկական վերազինում (պետական միջոցներով), մարզիչների աշխատավարձերի բարձրացում: Ըստ այս կուսակցության ծրագրի, դպրոցներում համազգեստային համակարգ է գործարկվելու, դասագրքերը տրամադրվելու են անվճար, սակայն դրանք վնասողները տուգանվելու են: Դպրոցների բարեկարգման համար հանգանակությունների բացառվելու են, իսկ բացահայտվելու դեպքում խստագույն պատժամիջոցներ են կիրառվելու:

«Քաղաքացիական պայմանագիրը» խոստանում է հասանելի կրթություն, նաեւ ըստ տարբեր տարիների՝ մանկապարտեզների ու դպրոցների վերանորոգում: Իշխող ուժը խոստանում է, որ 2026 թ. Երևանի մանկապարտեզներից ոչ մեկն այլևս հիմնանորոգման կարիք չի ունենալու, ավելացվելու են երևանյան մի շարք դպրոցներում գործող նախակրթարանների թիվը՝ 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթությունն այլընտրանքային եղանակով կազմակերպելու նպատակով։ ՔՊ-ն նաեւ խոստանում է իրավապահ մարմինների հետ ուսումնասիրել մանկապարտեզների ամբողջական կամ մասնակի մասնավորեցման իրավական հիմքերը, դրանց բացակայության պարագայում վերադարձնել համայնքին պատկանող գույքը։ Հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում խոստանում են բարելավել ուսումնական միջավայրը՝ ներդրված և գործարկվող համընդհանուր ներառական կրթության շրջանակում՝ բոլոր երեխաների համար ապահովելով հավասար հնարավորություններ և կրթության մատչելիություն: Անգամ երկարօրյա ծառայությունն են ընդլայնելու:

ՔՊ-ն նաեւ խոստանում է հիմնանորոգել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնը, համայնքապատկան գրադարաններում ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, իրականացնել ինքնազբաղ արվեստագետների գործունեության աջակցմանն ուղղված ծրագրեր, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի ստեղծագործական բարեփոխման և գեղարվեստական նոր մոդելի ներդրման ծրագիրը։ Ընդհանրապես, այս կուսակցության ծրագրում ամենուր խոսվում է տարբեր հաստատությունների, հիմնանորոգման, վերանորոգման եւ արդիականացման մասին:

«Արդար Հայաստանի» ռազմավարական նպատակն է Երևանը դարձնել «Խելացի քաղաք», կանաչ ու այգի-քաղաք, ինչին հասնելու համար, ըստ կուսակցության ծրագրի, անհրաժեշտ է ստեղծել արդար հասարակություն և արդար Հայաստան: «Երևանը մշակութային, արդյունաբերական, կրթական և զբոսաշրջային քաղաք է, բայց նրա ընդհանուր զարգացվածության փիլիսոփայությունը հստակ և ուրվագծված չէ։ Առաջին հերթին անհրաժեշտ է կերտել Երևանցու կերպարը։ Ո՞վ է Երևանցին, կամ ո՞վ պետք է լինի Երևանցին։ Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է մշակութային ու արժեհամակարգային փոփոխություն։ Երևանցու բնավորություն է պետք ձևավորել։ Մենք վարելու ենք վատ սովորույթներից հրաժարվելու քաղաքականություն. փողոցներում ու բակերում չե՛նք թքում, աղբ չե՛նք նետում, այդ թվում՝ մեքենայից, փողոցային առևտրով չենք զբաղվում»։

Ըստ «Արդար Հայաստանի» նախընտրական ծրագրի, Երևանն ունի բոլոր հնարավորությունները դառնալու տարածաշրջանի մեգապոլիսը՝ ապահովելով տարեկան մի քանի միլիոն զբոսաշրջիկի այցելություն։ Կուսակցությունը հնարավոր է համարում Երևանի և Էջմիածին քաղաքի՝ որպես քրիստոնեական աշխարհի յուրօրինակ կենտրոններից մեկի միջև ստեղծել այնպիսի պատմամշակությային ու զբոսաշրջային կոմպլեքս, որը երկու քաղաքները կդարձնի տարածաշրջանային զբոսաշրջության կենտրոն։ Նաեւ ստեղծելու են «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը, իրականացնելու են «Էրեբունի», «Կարմիր Բլուր» և «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոց թանգարանների վերակառուցման ծրագրերը՝ կառուցելով զբոսաշրջիկների սպասարկման կենտրոններ: «Արդար Հայաստանը» եւս խոստանում է ստեղծել նոր ճոպանուղային ցանց:

«Ազգային առաջընթացը» խոստանում է մայրաքաղաքը վերածել ստեղծարար եւ խելացի տարածքների, իրականացնել կրթական բարեփոխումներ՝ համայնքային ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության դպրոցական եւ արտադպրոցական բոլոր կազմակերպությունների ներգրավմամբ: «Ազգային առաջընթացը» եւս խոստանում է տարբեր հաստատությունների շենքերի հիմնանորոգում, գրադարանային ծառայությունների համալիր բարեփոխման ծրագիր, զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար լայնածավալ եւ ընդգրկուն նախագծեր՝ մատչելիության, ներառականության, անվտանգության հնարավորությունների ապահովմամբ:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը խոստանում է ուսանողներին և թոշակառուներին 50% զեղչի տրամադրում հանրային տրանսպորտից և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններից օգտվելիս, ճոպանուղու նախկին երթուղու վերականգնում և ընդլայնում, մանկապարտեզների և դպրոցների արդիականացում և ցանցի ընդլայնում, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող սպորտդպրոցների անվճար հաճախելիություն ﬕնչև 16 տարեկան երեխաների համար:

«Միացյալ Հայաստանը» խոստանում է մշակութային կենտրոնների, կենցաղի տների, ժամանցի վայրերի համաչափ ապակենտրոնացում, համայնքային ենթակայության մշակութային կենտրոնների, կենցաղի տների ստեղծում, բոլոր վարչական շրջանների հանրակրթական դպրոցների, մանկական, մանկապատանեկան արվեստի եւ սպորտի կենտրոնների, մսուր-մանկապարտեզների արդիականացում ու նորերի ստեղծում: «Միացյալ Հայաստանը» «սպառնում» է ավագ դպրոցների համար խիստ չափանիշներ սահմանել՝ ըստ քանակական անհրաժեշտության, վերականգնել միջին մասնագիտական կրթական համալիրը, մերձենալ հայկական սփյուռքի ազդեցիկ գաղթօջախների քաղաքների հետ:

«Ապրելու երկիրը» խոստանում է Արքաների պատմական պուրակի հիմնել, որը կխորհրդանշի մեր պետականությունը, իսկ թե ինչպիսի արտաքին տեսք և ձևավորում կունենա պուրակը, կորոշեն երևանցիները:

Կուսակցությունը ծրագրում կարեւորում է «կանաչ կրթությունը» եւ կարծում է, որ մարդկանց անհրաժեշտ է «կանաչ կրթություն» տալ դեռ վաղ մանկական տարիքից։ «Ապրելու երկիրը» կմշակի Երևանի դիզայն-կոդ (urban design code). «Համատեղելով և ներդաշնակելով հինն ու նորը, անցյալը, ներկան ու ապագան՝ Երևանը ունենալու է միասնական և իրար հետ ներդաշնակ ճարտարապետական մոտեցումներ, որոնք արգելելու են Երևանի հետ կապ չունեցող, անճոռնի և մեր մշակույթի հետ կապ չունեցող կառույցները»։ Կուսակցությունը խոստանում է հին և պատմամշակութային Երևանի վերականգնում, Կոնդ թաղամասի պահպանություն ու վերակառուցում, Old Town-ի կառուցում Էրեբունիում, պատմական վայրերի հանրահռչակում (Կարմիր բլուր, Շենգավիթ, Պասկեւիչի բլուր և այլն), ընդհանրապես բոլորին հասանելի մշակույթ:

«Մայր Հայաստանը» խոստանում է հանրության տարբեր շերտերի համար մշակել եւ ներդնել կրթադաստիարակչական ծրագրեր՝ հիմնված ազգային արժեքների, նվիրյալ ու պատասխանատու քաղաքացի ձեւավորելու սկզբունքների, հանրության տարբեր ներկայացուցիչների, հատկապես՝ խոցելի խմբերի հանդեպ հարգանքի ու հոգատար վերաբերմունքի վրա:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930