«Հեռախոսային շաբաթօրյակի» ընթացքում Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան չէր զանգել: Ընդ որում, ուշադրություն դարձնենք, որ տևական ժամանակ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց չի կայացել, ինչն իսկապես աննախադեպ է, ինչպես սիրում են ասել ՔՊ-ականները: Բայց, դատելով հայտարարություններից, Ռուսաստանի հետ «կապի» ապահովումը իրականացվում է ՌԴ ԱԳՆ-ի «խողովակով»: Ահավասիկ, նախօրեին Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ թե որևէ մեկ ուրիշն է ստորագրել փաստաթուղթ, ըստ որի՝ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի մաս է։ Լավրովը դա նշել է՝ հակադարձելով նրան, որ Հայաստանում Ռուսաստանին մեղադրում են Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու մեջ։ Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանին որևէ բանում մեղադրելուց առաջ պետք է գնահատել սեփական արարքները։
Ռուսաստանի ԱԳ նախարարը նաև հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ընդհանրապես ոչինչ չի ասվում Արցախի կարգավիճակի մասին, և այն ժամանակ երեք կողմերն էլ, նրա խոսքով, ելնում էին նրանից, որ այդ կարգավիճակի շուրջ դեռ պետք է լրացուցիչ բանակցություններ վարվեին։ Դրան արդեն հաջորդեց ՔՊ-ականներից մեկի՝ «Պուտինին ձերբակալելու» մեծ ջատագով պատգամավորի հայտարարություն-մեղադրանքը, թե Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը անընդհատ ուզում է Հայաստանը տանել կործանման, ու դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը բոլորին զանգել է, բացի Պուտինից: Մի շտապեք ծիծաղել կամ ընթերցելուն զուգահեռ մատը քունքին տանել: Սա պամֆլետ չէ, սա ֆանտաստիկա չէ: Սա կատարված իրադարձությունների, հայտարարությունների սեղմ արձանագրում է: Իսկ, այ, ում զանգին սպասում էր Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի նախագահ Էրդողանն է: Վերջինս «մեծահոգաբար ասել էր, որ երկուշաբթի (երեկ) կզանգահարի Փաշինյանին, որովհետև…
«Ղարաբաղում վատ բաներ են կատարվում», նկատի ունենալով՝ Արցախում նոր նախագահի ընտրությունը: Ի լրումն, Իրանի ԱԳՆ խոսնակը երեկ կրկնեց Նիկոլ Փաշինյանի պաշտոնական տեսակետը առ այն, որ «Ղարաբաղն Ադրբեջանի մաս» է: Ի լրումն, Իրանի ԱԳՆ խոսնակը կրկնեց իր պետության այն պաշտոնական դիրքորոշումը, որ Իրանի համար անընդունելի են տարածաշրջանում ճանաչված սահմանների փոփոխությունները: Վերադառնանք, սակայն, Էրդողանի՝ Փաշինյանի համար այդքան բաղձալի զանգին: Այս դեպքում նույնիսկ կարևոր չէ, թե ինչ էր ասելու կամ ինչ չէր ասելու Էրդողանը (գոնե հոդվածը գրելու պահին զանգի մասին տեղեկություն չկար): Ամենից վատն այս դեպքում այն է, որ Հայաստանի իշխանությունը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի ջանքերով Թուրքիան դառնում է մեր տարածաշրջանում «ասողը»: Ավելին, Թուրքիան ուղղակիորեն ներգրավվում է արդեն ոչ թե «Արցախի հիմնախնդրի կարգավորման» գործընթացի, այլ ընդհանրապես՝ Հայաստանի հետ կապված հարցերի կարգավորման գործընթացի մեջ: Եվս մի փոքր, ու Հայաստանի օրվա իշխանության ջանքերով Էրդողանը կարող է դառնալ հայ-ռուսական հարաբերությունները կարգավորելու միջնորդ:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։