Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բաքվում Արգենտինայի դեսպանը: Ադրբեջանական կողմը նրան բողոքի նոտա է փոխանցել G20-ի գագաթնաժողովում Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի՝ Լաչինի միջանցքի ադրբեջանական շրջափակման մասին հայտարարության առնչությամբ:
Ըստ Ադրբեջանի արտաքին գերատեսչության հաղորդագրության, Արգենտինայի դեսպանին փոխանցել են, որ «ցավալի է նման կարծիքների հնչեցումը, որոնք հիմնված Ադրբեջանի դեմ տարվող Հայաստանի զրպարտչական արշավի վրա՝ խեղաթյուրելով տարածաշրջանային իրողությունները և արտացոլելով մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված տերմինաբանությունը»:
Ադրբեջանցիները արգենտինացի դիվանագետին բացատրել են, որ Բաքուն առաջարկում է հայ բնակիչների կարիքներն ապահովելու համար գործարկել այլընտրանքային ճանապարհներ, «այդ թվում՝ Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ–խմբ.) ճանապարհը, որով ուղարկված օգնությունը, սակայն, չի ընդունվում՝ ի ցույց դնելով, որ խնդիրը քաղաքական է, ոչ թե մարդասիրական, ինչպես Հայաստանն է պնդում»:
Տարածված հաղորդագրությունում ասվում է, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ «Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը հակասող հայտարարություններից»:
Կարդացեք նաև
Ավելի վաղ Արգենտինայի նախագահը Նյու Դելիի իր ելույթում նշել էր, որ Լաչինի միջանցքի արգելափակումը Բաքվի կողմից միտում ունի պատժել հայերին՝ իրենց իսկ տարածքում: ՀՀ ԱԳ նախարարն էլ X-ի «նախկին Թվիթեր) միկրոբլոգում իր գոհունակությունն էր հայտնել նախագահ Ֆերնանդեսին՝ Արցախում տիրող մարդասիրական աղետի հարցը բարձրաձայնելու համար:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ