Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մայքլ Ջ. Աբրամովիցը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար իրավիճակին և Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծի երկայնքով ռազմական տեխնիկայի կուտակման շուրջ տեղեկություններին, արել է հետևյալ հայտարարությունը՝
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԵՆ՝ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱՆԽԵԼՈՒ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԸ
Ռազմական լարվածության աճը և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի տարածաշրջանը հարկադրված լքելու վտանգը արժանի են միջազգային հրատապ արձագանքի:
ՎԱՇԻՆԳՏՈՆ.- Ի պատասխան Հայաստանի ու Ադրբեջանի միջև աճող ռազմական լարվածության և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման՝ Freedom House-ի նախագահ Մայքլ Ջ.Աբրամովիցը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
Կարդացեք նաև
«Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի և Հայաստանի շփման գծի երկայնքով ադրբեջանական զինտեխնիկայի կուտակման մասին տեղեկություններով։ Մենք դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ցանկացած ծրագիր և կոչ ենք անում միջնորդ կողմերին աշխատել Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու ուղղությամբ:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը էթնիկ զտման վտանգ է ստեղծում տարածաշրջանի հայ բնակչության համար և սրում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անկեղծորեն ներգրավվել խաղաղության բանակցություններում, ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը նրանց դեմ իբրև զենք կիրառելուց և բացել Լաչինի միջանցքը՝ երաշխավորելու մարդկանց, մեքենաների և բեռների անխոչընդոտ երկկողմ տեղաշարժը: Մենք նաև կոչ ենք անում Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդին նշանակել Հատուկ Զեկուցող՝ գնահատելու մարդու իրավունքների իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»։
Հայաստանը գնահատվել է մասամբ ազատ «Ազատությունն աշխարհում 2023» և ազատ «Ազատությունն ինտերնետում» զեկույցներում: Ադրբեջանը գնահատվել է ոչ ազատ «Ազատությունն աշխարհում 2023» և ոչ ազատ «Ազատությունն ինտերնետում» զեկույցներում:
Freedom House-ը շահույթ չհետապնդող, անկուսակցական կազմակերպություն է, որն աշխատում է ստեղծել մի աշխարհ, որտեղ բոլորն ազատ են: Մենք աշխարհին տեղեկացնում ենք ազատության դեմ ուղղված սպառնալիքների մասին, մոբիլիզացնում գլոբալ կարողությունները և աջակցում ժողովրդավարության պաշտպաններին։