Այսօր առավոտյան ռուսական Կարմիր խաչի բեռնատարը Ակնայով հասել է Ստեփանակերտ:
Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդման համաձայն՝ «Ինչպես նախապես հայտարարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ:
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:
Մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում»։
Կարդացեք նաև
Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւ Հայրապետյանն այս առնչությամբ մասնավորապես նշում է․ «Ադրբեջանական լրատվականները տեսանյութ են տարածել, ըստ որի՝ Բարդայում երեք օր կանգնելուց հետո ՌԴ այս բեռնատարը մոտենում է Ասկերանին: Իհարկե, սա ներկայացվում է որպես «պատմական հաղթանակ» ադրբեջանցիների կողմից»։
Նաեւ հավելում է․ «Եթե այս շոուի արդյունքում չի բացվելու Լաչինի միջանցքը ու այնտեղ կանգնած հումանիտար բեռները ներս չեն մտնելու, ապա որևէ իմաստ չունի ներս թողնել անգամ մեկ օրվա ալյուր չապահովող այս մեքենան: Ադրբեջանական կողմը, հանձին Հիքմեթ Հաջիևի, կրկնել է, որ Լաչինը չի բացվելու: Սա է ամենակարևորը, որ պետք է հաշվի առնվի: Հակառակ դեպքում մի ռուսական բեռնատարի պատճառով կարժեզրկվի Արցախի հայերի այսքան համառ ու կամային դիմադրությունը՝ իր բոլոր հոգեբանական ու իհարկե, նաև քաղաքական հետևանքներով»։
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ «Տանկ» հուշակոթողի մոտ հավաքված մտահոգ քաղաքացիները սկզբում ընդվզել են, չեն թույլատրել ավտոմեքենայի մուտքն Արցախ, այնուհետև համաձայնության են եկել, որից հետո Ռուսաստանի Դաշնության Կարմիր խաչի բեռնատարը ոստիկանության ուղեկցությամբ հասել է մայրաքաղաք Ստեփանակերտ։
Տաթեւ Հայրապետյանը նաեւ մանրամասնում է, որ Ասկերանում մարդիկ տեղում քիչ են եղել, քանի որ առավոտվա ժամ է եղել․ «Մնում է միայն հույս ունենալ, որ Արցախի իշխանությունները սրա դիմաց ստացել են համարժեք զիջում հակառակ կողմից ու ամեն դետալ քննարկել են ռուս խաղաղապահների հետ»։