Եթե տարիներ առաջ սահմանին որևէ միջադեպ էր տեղի ունենում կամ հակառակորդը փոքր-ինչ լարվածություն էր հրահրում, շատ մեծ աղմուկ էր բարձրանում, իսկ ներկայումս գրեթե ամենօրյա կտրվածքով միջադեպեր, վիրավորներ ու կորուստներ ենք ունենում, որոնք դարձել են «սովորական», ու, ինչպես ասում են, «ձայն բարբառոյ յանապատի»։ Կարծես թե ամեն ինչ նորմալ է, այդպես էլ պետք է լիներ։
Կամ՝ երբ համացանցում տեղեկատվություն է հայտնվում, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ զինտեխնիկա է կենտրոնացնում Հայաստանի ու Արցախի սահմանների մոտ, հանրության շրջանում միանգամից ասոցիացիաներ են առաջ գալիս, որ հակառակորդը նոր պարտություն է պարտադրելու մեզ, ու գրեթե ոչ ոքի մտքով էլ չի անցնում մտածել նաև հաղթանակի մասին։ Այս ամենը ոչ միայն տարիների ընթացքում մեր հասարակության գիտակցականության վրա կատարված մեծածավալ բացասական աշխատանքի արդյունք է, այլև մյուս կողմից՝ գալիս է ՀՀ օրվա իշխանությունների վարած քաղաքականությունից, որ եթե չզիջենք ու հակառակորդի պահանջները չկատարենք, ապա մեզ ավելի մեծ աղետ է սպասվում։
Ճիշտ ինչպես Փաշինյանն էր ժամանակին հիմնավորում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել ու տարածքները հանձնել է, սակայն փոխարենը հազարավոր զինվորների կյանք է փրկել։ Նույնը վերաբերում է նաև այն «հիմնավորմանը», որ եթե ՀՀ-ն չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախով հանդերձ, ապա նոր պատերազմն անխուսափելի է, որի արդյունքում էլ Ադրբեջանը չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, կհարձակվի ու կգրավի Հայաստանի տարածքները։ Պարտությունից դասեր քաղելու մտայնությունը մեզ մոտ բացակայում է։ Ու դրա հետ է կապված, որ մարդկանց շրջանում հոգեբանական վախեր կան, թե որն է լինելու հաջորդ զիջումը։ Իհարկե, փորձագետները չեն բացառում նոր պատերազմն ու ադրբեջանական նոր ագրեսիան՝ մանավանդ որ Ադրբեջանը շահագրգռված է իրավիճակը լարելու հարցում։ Բայց Արցախյան երկրորդ պատերազմից երկուսուկես տարի անց էլ մեր հասարակությունը պատրաստ չէ նոր պայքարի։
«Մտածեք խաղաղության մասին, ու ամեն ինչ լավ կլինի. ու կարևոր չէ, թե ինչ նոր կորուստներ կունենանք»։ Մոտավորապես սա է Նիկոլ Փաշինյանի «գաղափարախոսությունը», որը, բացի անհիմն, պոպուլիստական ու մանիպուլյատիվ լինելուց, աչքի է ընկնում նաև երկդիմությամբ։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերի ժամանակ նշում է, թե իրավիճակը ծայրահեղորեն լարված է, բայց մյուս կողմից էլ ընդգծում է, որ իրենք հետևողականորեն ընթանում են խաղաղության օրակարգով։ Կարճ ասած՝ մտել ենք պարտությունների շրջապտույտի մեջ, և պատահական չէ, որ մեր հանրության գերակշիռ մասը համոզված է, որ այդ շրջապտույտից ելք չի կարող լինել, մինչև անգործունակ դարձած իշխանությունները չհեռանան, որովհետև նրանք նույնականացվում են միայն պարտության ու կապիտուլյացիայի հետ։
Կարդացեք նաև
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում