«Քաղաքացիական պայմանագիրը չի կարող այդպիսի գործելակերպ ունենալ»,- Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախընտրական փուլում վարչական ռեսուրս ու ընտրակաշառք կիրառելու ահազանգերին։ «Այդ գործելակերպը հակասում է ՔՊ-ի էությանը եւ արժեհամակարգին»,- նշեց նա։ Անդրադառնալով հարցին, որ կան այդ դեպքերը փաստող տեսանյութեր, Նիկոլ Փաշինյանն ասաց․«Դրա համար Հայաստանում կա Քրեական օրենսգիրք, այլ օրենսգրքեր, եւ յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա օբյեկտիվ քննության: Ես՝ որպես կուսակցության վարչության նախագահ, կարող եմ ասել, որ մենք ոչ միայն չենք կարող այդպիսի գործելակերպ ունենալ, այլեւ ցանկացած նման դեպք, որը կհիմնավորվի որպես այդպիսին, կունենա օրենքով սահմանված գնահատական եւ արձագանք, իհարկե, եթե հանկարծ չպարզվի, որ խոսքն օրինական գործունեության մասին է։ Բայց այն, ինչ Հայաստանում սովորաբար նկատի է առնվել և նկատի է առնվում՝ փող բաժանել և այլն, այդ իմաստով, դա չի կարող մեր կուսակցության գործելակերպը լինի, որովհետեւ դրանով մենք ինքներս մեր քաղաքական էությանը եւ ծագմանը կհակասենք»։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ ՔՊ Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին աջակցելու հարցին։ «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Տիգրան Ավինյանն աջակցել է ՔՊ-ին։ Նախընտրական շրջանում ես չէի կարող վարչապետի պարտականությունները կատարել, Տիգրան Ավինյանն այդ ընթացքում կատարել է վարչապետի պարտականությունները եւ մեր թիկունքն ամուր է պահել, իհարկե, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ։ Եվ ես Տիգրան Ավինյանից թիկունքից հարված չեմ ստացել եւ չեմ էլ սպասում, որ կստանամ, ի տարբերություն Հայկ Մարությանի։ Մինչեւ այսօր Հայկ Մարությանն իմ աչքերի մեջ չի նայել եւ չի ասել, որ այդ ինչպե՞ս է, որ ես շեղվել եմ հեղափոխության արժեքներից, այդ ինչպե՞ս է, որ ես հանկարծ դարձել եմ «սեւ», ինչպես ինքն է ասում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա կոչ արեց մասնակցել սեպտեմբերի 15-ին մայրաքաղաքի երթին, քանի որ այս ընտրություններն «անկախության եւ ինքնիշխանության պաշտպանության համատեքստ ունեն»։
Անդրադառնալով իր ղեկավարած դրամահավաքի շուրջ մեկնաբանություններին, թե հին բարքերն են վերադարձել, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Եթե հին բարքերը վերադարձել են, ինչո՞ւ պետք է իշխող քաղաքական ուժը դրամի կարիք ունենա, որ մի հատ էլ դրամահավաք անի»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ