Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց առաջին դժվարության ժամանակ Հայկ Մարությանն ինչ հեշտությամբ ՔՊ մտնելու դիմում էր գրել, նույն հեշտությամբ այնտեղից դուրս գալու դիմում գրեց»․ Փաշինյան

Սեպտեմբեր 12,2023 00:20

«Կան ուժեր, որոնք ակնհայտորեն հույս ունեն, որ Երեւանի ավագանու ընտրությունների համատեքստում Հայաստանում հնարավոր կլինի անկայունություն մտցնել կամ կառավարման ճգնաժամ մտցնել»,- Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվ, ցավոք, դա նաեւ երեւում է ընտրություններին մասնակցող մի շարք ուժերի շեշտադրումներից եւ նպատակադրումներից»,- հավելեց Փաշինյանը։

Անդրադառնալով Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարություններին, դիտարկմանը, թե Մարությանը հայտարարել է, որ հեղափոխության միջոցով իշխանության եկած անձինք շեղվել են հեղափոխության արժեքներից, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Դա ինձ համար տարօրինակ պնդում եւ տարօրինակ հայտարարություն է, որովհետեւ ես Հայկ Մարությանից երբեք չեմ լսել, որ մենք շեղվել ենք հեղափոխության ճանապարհից։ Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո հայտնվել է բեմահարթակի վրա եւ բեմահարթակից նման հայտարարություններ է արել։ Բաց ես ուզում եմ ընդգծել հետեւյալը՝ իր բեմական կարիերայում առաջին անգամ է, երբ Հայկ Մարությանն քաղաքական ժանրի հումոր է անում, եւ այդ հումորի բովանդակությունը չի համաձայնեցնում այդ հումորի օբյեկտների եւ հերոսների հետ։ Այս փաստն ինքնին վկայում է այն մասին, որ Հայաստանը հեղափոխական արժեքների ճանապարհից չի շեղվել։ Այլապես, ինչպես նախկինում, մեր գործընկերները բեմերից հումոր անելիս նախապես թույլտվություն կստանային իշխանությունից, օլիգարխներից, մյուսներից»։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ իր հետ Հայկ Մարությանը կոռուպցիայի ու իր բարձրացրած այլ խնդիրների մասին խոսակցություն չի ունեցել։ «Եթե այդ խոսակցությունը լիներ, պետք է լիներ ինձ հետ, որովհետեւ իմ աջակցությամբ է, որ նա դարձել է հեղափոխական թիմի քաղաքապետի թեկնածու։ Նա ինձ մոտ է եկել եւ ինձնից է խնդրել աջակցություն Երեւանի քաղաքապետի թեկնածու դառնալու համար։ Այդ աջակցություն ստացել է ինձնից՝ պատրաստակամություն հայտնելով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ դառնալու եւ հավաստիացնելով, որ ինքը գալիս է այս թիմը ուժեղացնելու։ Բայց մինչեւ օրս ես նրանից ոչ մի բացատրություն չեմ լսել, որ մենք հեղափոխության արժեքներից շեղվել ենք։ Դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց․ «Հայկ Մարությանը ամեն ինչ անում էր, որ լինի մոտիկ, լինի ավելի մոտիկ երբեմն ամենանեղ քաղաքական թիմից ավելի մոտիկ։ Եվ նույնիսկ այդ մոտիկություն արձանագրելու համար կուսակցության անդամ դառնալու դիմում գրեց։ Ընդ որում, ես լիարժեք վստահությամբ եմ վերաբերվել նրա այդ մոտեցմանը, մոտիկ լինելու ցանկությանը՝ ի հեճուկս մեր բազմաթիվ թիմակիցների, ովքեր ասում էին, թե նա գալիս է որպես գաստրոլյոր եւ իրադրության փոփոխության դեպքում հին սցենարը մի կողմ է շպրտելու։ Զուտ մարդկային առումով ես հիմա շատ դժվարությամբ եմ նայում իմ շատ գործընկերների աչքերին, ովքեր ժամանակին այդ զգուշացումն անում էին։

Ստացվեց, որ այդ քաղաքական ընկերությունը, որը Հայկ Մարությանն ամեն ինչ արեց, որ տեղի ունենար, դա լավ ժամանակների ընկերություն էր։ Մինչդեռ, տրամաբանությունն այն է, որ իրական ընկերությունը, իրական համախոհությունը պետք է հենց վատ ժամանակները, դժվարությունները հաղթահարելու համար։ Բայց պարզվեց՝ հենց առաջին դժվարության ժամանակ Հայկ Մարությանն ինչպիսի հեշտությամբ դիմում էր գրել ՔՊ մտնելու, նույնպիսի հեշտությամբ այնտեղից դուրս գալու դիմում գրեց։ Սա ինձ համար ոչ այնքան քաղաքական, որքան մարդկային իրավիճակ է։ Եվ իսկապես այս իրավիճակի վերաբերյալ կա խորը ափսոսանքի եւ ցավի զգացողություն»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930