Ոսկրային արգանակը, որը սովորաբար պատրաստվում է տավարի կամ հավի ոսկրերից (ըստ նախասիրության՝ նաև խոզի ոսկրերից, ձկան ոսկրերից ու փշերից), պարունակում է մի շարք սննդանյութեր, որոնք առողջությանը նպաստող մեծ պոտենցիալ ունեն՝ սկսած օրգանիզմում բորբոքային գործընթացների նվազեցումից մինչև սպիտակուցի քանակի ավելացում։
Արգանակներն առհասարակ հնուց ի վեր լայնորեն կիրառվել են տարբեր ժողովուրդների կողմից՝ դառնալով հիմք շատ ազգային կերակրատեսակների համար, օրինակ՝ ուխայի (ձկնապուր), սուշիի, որի բրինձը պատրաստվում է կոմբու ջրիմուռից պատրաստված արգանակով, խաշի և այլն։ Ի դեպ, ինչպես որ «խաշ» ուտեստի անվան ծագումն է կապվում «խաշել» բառի հետ, այնպես էլ բուլյոն՝ «արգանակ» բառն է առաջացել ֆրանսերեն «bouillir»՝ «եռալ» բառից։
Հագեցած ու բուրավետ ոսկրային արգանակ ստանալու համար անհրաժեշտ է եփել ոսկրերը 12 ժամից ավելի՝ մարմանդ կրակի վրա․ այդ ժամանակահատվածն օգնում է ոսկրերից դուրս բերել կոլագենը՝ սպիտակուցը, որը պարունակում է այնպիսի ամինաթթուներ, ինչպիսիք են արգինինը, գլուտամատը, հիդրօքսիլիզինը, հիդրօքսիպրոլինը, պրոլինը և գլիցինը։ Այսպիսով առանձնացված կոլագենն առավել արդյունավետ է օգտագործման համար։
Կարդացեք նաև
Որո՞նք են ոսկրային արգանակի հիմնական առավելություններն առողջության համար
Ոսկրային արգանակը սպիտակուցի աղբյուր է
Ինչպես նշվեց, ոսկրային արգանակի հիմնական սննդանյութը կոլագենն է՝ սպիտակուցի տեսակ, որն օգտագործվում է օրգանիզմի շարակցական հյուսվածքի ստեղծման համար։ Սպիտակուցը հատկապես կարևոր է, երբ խոսք է գնում մկանների վերականգնման ու ֆիզիկական ծանրաբեռնվածության համար։
Ինչպես նշում է սննդաբան Մաքքենզի Քոլդուելը ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայից․«Ոսկրային արգանակը հատկապես օգտակար է հղիության ընթացքում և հետծննդաբերական վաղ շրջանում։ Կոլագենով հարուստ այդ հեղուկը նպաստում է պտղի ոսկրերի ու հոդերի ձևավորմանը»։
Ոսկրային արգանակն ապահովում է օրգանիզմի խոնավացումը
Ոսկրային արգանակը խոնավացնող ազդեցություն ունի, քանի որ հարուստ է հեղուկով ու էլեկտրոլիտներով։
Նպաստում է վերքերի լավացմանն ու մաշկի էլաստիկությանը
Կոլագենը հայտնի է իր՝ մաշկի վիճակը բարելավող ազդեցությամբ, այն ոչ միայն նպաստում է մաշկի երիտասարդությանն ու էլաստիկությանը, այլև վերքերի արագ ապաքինմանը։
Ոսկրային արգանակը հոգում է ոսկրերի ամրության ու հոդերի առողջության համար
Ոսկրային արգանակը հարուստ է այնպիսի հանքանյութերով, որոնք անհրաժեշտ են ոսկրերի ամրության համար՝ կալցիումով, մագնեզիումով, ֆոսֆորով, իսկ պատրաստման դանդաղ ժամանակահատվածը թույլ է տալիս առանձնացնել նաև լրացուցիչ սննդանյութեր ու միացություններ, ինչպիսիք են գլյուկոզամինն ու խոնդրոիտինը, որոնք, ինչպես հայտնի է, անհրաժեշտ են հոդերի առողջության համար։
Ոսկրային արգանակն ունի արդյո՞ք հակացուցումներ
Ոսկրային արգանակը մարդկանց մեծամասնության համար անվնաս է, սակայն պետք է հաշվի առնել, որ օգտակար սննդանյութերից զատ այն պարունակում է նաև որոշ հանքանյութեր, որոնք մեծ քանակությամբ օրգանիզմ ներթափանցելու դեպքում վնասակար են մարդու համար։ այդ հանքանյութերն են կապարն ու կադմիումը, որոնց պարունակությունը ոսկրային արգանակում թեև շատ ցածր է, բայց և արգանակի մեծաքանակ օգտագործումը կարող է բարձրացնել դրանց մակարդակն օրգանիզմում։
Ոսկրային արգանակի օգտագործման հակացուցում է նաև օրգանիզմի հիստամինային անընդունելիությունը, որն առաջանում է, երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել սննդից ստացվող հիստամինը, ինչն ալերգիկ ռեակցիաների է հանգեցնում, օրինակ՝ աչքերի քորի կամ քթի փակվածության։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Նյութը պարունակում է տվյալներ հետևյալ աղբյուրից
Գլխավոր լուսանկար՝ Getty Creative