Այսօր Արաբկիրում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ «New day» կայքի խմբագիր, լրագրող Անի Գեւորգյանի վրա է հարձակվել ՔՊ-ի աջակիցներից մեկը՝ Դիանա Մարտիրոսյանը: Նա նախ սկսել է նկարահանել՝ իր հետեւորդներին ասելով. «Նայեք էս փնթիներին, ինչ եկել են շիստյորկի պես ֆռռում են, չեն զգում էլի, որ արհամարհված են, լավ նայեք դեմքները»:
Երբ լրագրողը հարցրել է, թե ինչո՞ւ է իրեն նկարում, ո՞վ է՝ նա պատասխանել է. «Ես ես եմ, էն մարդն եմ, որ գնացել ես, դատի ես տվել: Դուք չե՞ս զգում, որ անինքնասեր ես: Հայց ես ներկայացրել Հռիփսիմե Ջեբեջյանի հետ, ուզո՞ւմ ես էֆիռդ հանեմ ցույց տամ»: Անի Գեւորգյանն ասել է, որ կոնկրետ ինքը հայց չի ներկայացրել, ներկայացրել է Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը եւ եթե վիրավորում եք, պատրաստ եղեք կրել պատասխանատվություն:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ասուլիսից հետո ՔՊ-ի աջակիցները սպառնալիքներով ու վիրավորանքներով լի նամակներ էին ուղարկում Հռիփսիմե Ջեբեջյանին եւ Անի Գեւորգյանին: Կոնկրետ Դիանա Մարտիրոսյանը հրապարակային գրառում էր արել, զետեղել Հռիփսիմե Ջեբեջյանի նկարը ասուլիսից ու գրել. «Ոնց կքցեի քեզ քացուս տակ, այ լիրբ…մի օր դեմներս կհելնես, հարցերիդ պատասխանները կտանք էլի, կլոր աշխարհ ա…տենց ձեռ առնելով էլ տնեցիքիդ հետ կխոսաս»: Այս սպառնալիքների ու վիրավորանքների համար Ջեբեջյանը հայց է ներկայացրել նրա դեմ:
Եվ ահա այս կլոր աշխարհում՝ քարոզարշավին, հանդիպելով Անի Գեւորգյանին՝ նրան է այս անգամ սպառնում. «Դու անինքնասեր մարդ ես, մի հատ էլ բան ասե՞մ էթաս դատի տաս՝ դիշովկեք եք դուք, էդ էլ կհավելես, որ դու դիշովկա ես…Գոհ էղի, որ ոտերիս տակ չեմ գցել»: Հարցին՝ դուք ո՞վ եք, որ ինձ ասեք՝ ոտքերիս տակ կգցեմ՝ նա պատասխանեց. «Ես աչքիդ թայը հանողն եմ, հարցե՛ր: Խոսք եմ տվել, որ մոտենալու եմ եւ ասում եմ՝ ղուրբան էղի, որ ոտերիս տակ չես հայտնվել»: