«Տեղի է ունեցել հետեւյալը՝ Հայաստանն ու Ադրբեջանը 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում, ի զարգացում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ունեցած պայմանավորվածության, արձանագրել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ դրանից հետո ես վերահաստատել եմ այդ պայմանավորվածությունը, որից հետո ինձ հարց է հնչել՝ արդյոք 86 600 քկմ մեջ մտնո՞ւմ է նաեւ Լեռնային Ղարաբաղը, ես ասել եմ՝ այո»,- Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դիտարկմանը, որ դրանից հետո Ադրբեջանը հայտարարություն չարեց, որ փոխադարձաբար ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, արդյոք իր հայտարարությունը սխալ հայտարարությո՞ւն չէր, Փաշինյանը պատասխանեց․ «Մենք այդ հայտարարությամբ փորձել ենք արձանագրել իրադրության եւ ճգնաժամի լուծման ճարտարապետության մասին մեր պայմանավորվածությունը, այն ինչ մենք պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ Բրյուսելում։ Եվ մենք ցույց ենք տալիս, որ հավատարիմ ենք այդ պայմանավորվածությանը, Ադրբեջանը միշտ չէ, որ ցույց է տալիս հավատարմությունը պայմանավորվածություններին»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այն ժամանակ, երբ այդ հայտարարությունն ինքը չէր արել, Ադրբեջանը Փառուխում խախտեց շփման գիծը, դրանից առաջ Խծաբերդում ու Հին Թաղերում խախտեց շփման գիծը, դրանից առաջ հրադադարի բազմաթիվ խախտումներ էին եղել, դրանից առաջ էլ 2020 թվականի սեպտեմբերի պատերազմն էր։ «Ո՞ր հայտարարությունն էինք մենք սխալ արել։ Լավ, սեպտեմբերի պատերազմից առաջ մենք սխալ հայտարարություննե՞ր էինք արել։ Դրանից առաջ 2016 թվականի քառօրյա պատերազմը, այդտե՞ղ ինչ սխալ հայտարարություններ են հնչել։ Դրանից առաջ 2015 թվականի ըստ էության պատերազմական վիճակը, եւ այդպես շարունակ։
Այստեղ խնդիրը հետեւյալն է, որ ի հեճուկս բոլոր բանակցությունների՝ Ադրբեջանը միշտ ըստ էության ի ցույց է դրել հարցերն ուժային ճանապարհով լուծելու իր մոտեցումը։ Եվ մենք փորձ ենք անում քաղաքական հայտարարություններով ինչ-որ կերպ կառավարել այդ ուժային սցենարները, որոնք Ադրբեջանն անընդհատ դնում է սեղանի վրա։ Եվ մենք ներկայացնում ենք խաղաղության ու կարգավորման մի ճարտարապետություն, որը լեգիտիմ է միջազգային իրավունքի եւ միջազգային հանրության տեսակետից, սա շատ կարեւոր է»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Փաշինյանն ասաց, որ իրենք ուզում են տեղավորվել այնպիսի ձեւակերպումների մեջ, որ Հայաստանի դիրքորոշումների լեգիտիմությունը լինի անխոցելի։ «Ուզում եմ ճիշտ հասկանաք, դա ոչ թե Ադրբեջանի համար ենք անում, դա առաջին հերթին անում ենք Հայաստանի Հանրապետության ու ԼՂ համար»,- ընդգծեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ