«Գաղտնիք չէ, որ իրենք վաղուց են հրաժարվել Արցախից, արցախահայության խնդիրներից: Սա դրա շարունակությունն է եւ անընդունելի է, որովհետեւ Արցախի ժողովուրդը իրավական պետության բոլոր օրենքներով ընտրել է նախագահ ռազմական իրավիճակում հնարավորություն տալով ԱԺ-ին դա իրականացնել: Հետեւաբար, պետք է ոչ միայն շնորհավորեին, այլ նաեւ պիտի hարցում անեին՝ ինչո՞վ եւ ինչպե՞ս սատար կանգնեն Արցախի ժողովրդին»,- այսօր Շենգավիթում քարոզարշավի ժամանակ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց հարցին, թե ինչպես է վերաբերվում Հայաստանի իշխանությունների պահվածքին, որոնք մինչ օրս չեն շնորհավորել Արցախի նախագահին:
Թանդիլյանը ցավ հայտնեց, որ Թուրքիայի իշխանությունը կարողանում է պարտադրել Հայաստանի իշխանություններին իր կամքը. «Նրանք ավելի մեծ ազդեցություն ունեն ՀՀ իշխանության վրա, քան Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խնդիրը»:
ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, երբ Ավանում քարոզարշավի ժամանակ մի քաղաքացի հարցրեց՝ «պետական այր եք, ինչո՞ւ չեք պատասխանում իմ հարցերին, կարո՞ղ եք ասել՝ քանի՞ դպրոց ու քանի՞ մանկապարտեզ թողել եք թուրքերին, քանի՞ հազար հայ մնացել է անտուն»՝ արձագանքեց. «Ես սովորական մարդկանց հետ խոսում եմ՝ ի տարբերություն այն մարդկանց, ովքեր ձեզ ուղարկել են, ովքեր չեն կարողանում մարդկանց մեջ դուրս գալ»:
Կարդացեք նաև
Մանե Թանդիլյանից հետաքրքրվեցինք՝ Ավինյանը բնականաբար նկատի ուներ ընդդիմության կողմից ուղղորդումը, կոնկրետ դուք ինչ-որ մարդկանց ուղղորդո՞ւմ եք, ուղարկո՞ւմ եք Ավինյանի քարոզարշավին՝ նա պատասխանեց. «Այս իշխանությունները չեն հանգստանում մեր ժողովրդին պարբերաբար մասնատելու, պառակտելու իրենց օրակարգը իրացնելուց: Ես ցավում եմ, որ այսպիսի իշխանություններ ունենք մեր ժողովրդի համար այս ծայրագույն պայմաններում: Միասնության, մեկս մյուսին ականջալուր լինելու եւ հոգսով ապրելու փոխարեն այս իշխանությունները ամեն օր պառակտում են եւ ատելություն սերմանում: Այդ ատելությունը, ցավոք, կործանարար է մեր պետության համար: Վերջապես պիտի ազատվենք իրենցից եւ այս ընտրությունները լավագույն հնարավորությունն է»:
Իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված համացանցում տարածվել էր շինարար, ակտիվիստ Արթուր Չախոյանի տեսագրությունը: Տիգրան Ավինյանը այդ առնչությամբ ասել էր. «Այդ հրապարակողները մի տարի է՝ տարբեր բաներ են հրապարակում, իրանց հրապարակածների 70%-ի մեջ կա ինչ-որ կեղծիք եւ սուտ: Այդ մարդկանց հրապարակած որեւէ տեսակի ինֆորմացիայի նկատմամբ վստահություն չկա: Ես ավելի շուտ կհավատամ մանկապարտեզի տնօրենին, դաստիարակին, ով թեկուզ ինձ «անանիմնի» նամակ գրի ու ասի՝ այ էս մարդը ինձ այսպիսի բան է ասել, ես խոստանում եմ, դրա հետքերով կգնամ»:
Մանե Թանդիլյանը Ավինյանի այս արդարացմանը պատասխանեց. «Որպեսզի ինչ-որ մեկին նամակ գրես, թեկուզ «անանիմնի», նրան պետք է վստահես, իրենք չեն վայելում որեւէ մեկի վստահությունը: Նրանք այնպիսի պետական գաղտնիքներ են հրապարակում եւ մարդկանց քարկոծում, գանահարում եւ հետեւից ընկնում, որ մարդիկ երբեւէ ոչ միայն դա չեն անելու, այլեւ դա ինքնին ակնհայտ է, կրկեսի մի մասն է: Դուք էլ մասնակցել եք ընտրություններին 2018-ից առաջ եւ մենք գիտենք այս նույն իշխանությունների արձագանքը՝ այդ նույն հաստատությունների մարդկանց հավաքների: Ցավում եմ, որ դա կրկնվում է: Դա խորացնում է մեր ժողովրդի մեջ հիասթափությունը: Բայց ես լավ լուր ունեմ՝ իրենց այդպիսի վարչական ռեսուրսի կիրառման պարագայում էլ մենք հաջողել ենք իրենց իշխանազրկել եւ մարդկանց մի խնդրանք ունենք՝ գնալ ընտրության: Այդ մարդիկ, որոնք թվերով ցուցակներով մասնակցում են հավաքներին, գնալու են ու իրենց չեն ընտրելու, ես դա գիտեմ: Այնպես որ, թող մարդիկ չանհանգստանան, չլարվեն, այս ամենն ունենալու է քաղաքական հետեւանք՝ հենց այս իշխանությունների համար»:
Հարցին՝ ինչո՞ւ ԿԸՀ չդիմեցիք եւ ՔՊ-ի՝ ընտրությունների մասնակցությունը չեղյալ չհամարեցիք՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Մի ԿԸՀ, որը ղեկավարում է ՔՊ-ական յուրային կուսակից գործընկե՞րը: Ոչ, մենք նպատակահարմար չենք գտնում, ասեմ ինչու՝ դրա քաղաքական պատասխանն ենք մենք տալու: Եթե այն ժամանակ վարչական ռեսուրսը ազդեցություն ունենում էր, այսօր չունի, չի ունենալու, մարդիկ դրան պատասխան են տալու սեպտեմբերի 17-ին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ