Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«2020թ․ սեպտեմբերին մենք ոչ Հռոմի ստատուտ էինք վավերացնում, ոչ զորավարժություններ էինք անում ԱՄՆ հետ, ոչ էլ այցելում էին Ուկրաինա, բայց սահմանին ունեցանք պատերազմական իրավիճակ»

Սեպտեմբեր 11,2023 23:03

Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում։ Հաղորդավարի կողմից թվարկվեցին ՀՀ իշխանության այն քայլերը, որոնք հարուցել են ՌԴ իշխանությունների զայրույթը՝ հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացում ՀՀ-ում, Աննա Հակոբյանի այցը Ուկրաինա, ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացման ուղղությամբ քայլեր։ Հարցին, թե «ինչո՞ւ ենք գրգռում Ռուսաստանին, սրում հարաբերությունները ՌԴ հետ այն պարագայում, երբ սահմանին իրավիճակը շատ բարդ է, եւ մենք պատերազմին մոտ ենք», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Նախ ասեմ, որ իմ կնոջ այցն Ուկրաինա պետք չէ քաղաքականացնել, ես կարծում եմ՝ դա անհարկի քաղաքականացվում է։ Տեղյակ եք, որ կինս արդեն երկար ժամանակ ներգրավված է առաջին տիկինների եւ ջենտլմենների միջազգային գործընկերության մեջ, որի շրջանակներում մասնակցում է միջոցառումների։ Նաեւ առաջիկայում նման միջոցառում Հայաստանում է նախատեսված, եւ չեմ կարծում, թե այստեղ քաղաքական հետեւություններ անելու անհրաժեշտություն կա»։

Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան զորավարժություններին, Փաշինյանն ասաց, որ ամենեւին էլ առաջին անգամ չեն ՀՀ-ում անցկացվում Հայաստան-ԱՄՆ զորավարժություններ։ «Մյուս կողմից էլ, Հռոմի ստատուտի վավերացումը մենք մեկնարկել ենք 2022 թվականի դեկտեմբերին։ Եվ պարզապես մեր ընթացակարգերով այն որոշակի ժամանակ է տանում։ Եվ, ցավոք, ինքն իրականում վատ համընկնումներ ունեցավ Ռուսաստանի եւ Հաագայի քրեական դատարանի հարաբերությունների համատեքստում։ Պիտի արձանագրեմ, որ այդ գործընթացն ամենեւին էլ կապված չէ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, դա կապված է հենց սահմանային իրադրության լարվածությունների հետ։ Մյուս կողմից, մենք հասկանում ենք, որ վատ կամ անհանգստացնող կոնտեքստներ են ձեւավորվում, բայց մյուս կողմից մենք չենք կարող մեր հարաբերությունները եւ մեր պարտավորությունները սառեցնել մյուս գործընկերների հետ։ Եվ մենք փորձում ենք բնականոն կերպով զարգացնել։ Ընդ որում, պիտի արձանագրեմ, որ Հռոնի ստատուտն ամենեւին էլ մեր կառավարության օրոք չի ստորագրվել, եւ նախկինում չի ստորագրվել այն պատճառով, որ Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ հակասում է Սահմանադրությանը։ Բայց 2015 թվականին մենք նոր խմբագրությամբ Սահմանադրություն ունենք, եւ այդ հակասությունները վերացած են, մենք առաջ ենք ընթանում»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանն ասաց, որ հայտնի իրադարձություններով պայմանավորված՝ Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրության որոշակի պակաս կամ շեղում կա։ «Մյուս կողմից, մենք ունենք սահմանային որոշ խնդիրներ, որոնք պետք է հասցեագրվեն։ Մենք պետք է հասցեագրենք կամ մեր ձեռքի տակ եղած գործիքակազմը փորձենք լրացնել։ Դուք փորձում եք Հռոմի ստատուտը, հայ-ամերիկյան զորավարժությունները, նույնիսկ իմ կնոջ այցն Ուկրաինա կապել սահմանային իրադրության հետ։ Եվ ձեր հարցում կոնտեքստն այն է՝ արդյոք այս գործընթացները չեն բերի՞ սահմանային սրացումների։ Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ, օրինակ, 2020 թվականի սեպտեմբերին մենք ոչ Հռոմի ստատուտ էինք վավերացնում, ոչ զորավարժություններ էինք անում ԱՄՆ հետ, ոչ էլ այցելություն էինք կատարում Ուկրաինա, ոչ էլ 2022 թվականի սեպտեմբերին, բայց դա չխանգարեց, որ մենք սահմանին ունենանք պատերազմական իրավիճակ։ Եվ մենք այսօր փորձում ենք օգտագործել այն գործիքակազմը, որը մեզ կարող է հասու լինել, մեր սահմանային անվտանգության մեջ գործոններ ավելացնել, որոնք մեզ կօգնեն»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Հայաստանը վավերացնում է Հռոմի ստատուտը, որպեսզի 2022 թվականի սեպտեմբերի, 2021 թվականի մայիսի դեպքերը Միջազգային քրեական դատարանում քննության առարկա դառնան։ «Եվ սա եւս մեկ գործոն է, որը կարող է էական ազդեցություն ունենալ մեր անվտանգության աստիճանի մեծացման այն պայմաններում, երբ ՀԱՊԿ-ը չի կատարել եւ չի կատարում Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները։ Մենք չենք կարող սա չկատարել եւ ուղղակի ոչինչ չանել։ Մեր պարտավորությունն է ձեռնարկել քայլեր, որոնցով կփորձենք անվտանգության լրացուցիչ, այդ թվում՝ միջազգային գործիքներ ձեռք բերել»,- ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ ակտիվ աշխատում են, որպեսզի ՌԴ-ում ճիշտ ընկալումներ ձեւավորեն այս ամենի հետ կապված։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930